Մահացած 2,3-ամյա երեխայի հայրը՝ դատարանում. «Ինչքա՞ն կարելի է նույն բանը լսել ամեն օր»

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2,3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում շարունակվեց փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Նշենք, որ նա կրկնակի փորձաքննություն կատարած հանձնաժողովի նախագահն է:

Այսօր դատարանում գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը փորձագետից հետաքրքրվում էր, թե թարախային նշիկաբորբի դեպքում ի՞նչ բուժում պետք է արվեր, որը չի արվել: Ի պատասխան փորձագետն ասաց, որ հիվանդությունը պահանջում էր անտիբիոտիկոթերապիա: Երեմ Սարգսյանն էլ մեջբերեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ձեռնարկներից մեկը, որում, ըստ փաստաբանի, նշված է, որ նշիկաբորբի առկայությունը չի պահանջում սպեցիֆիկ բուժում, քանի որ մինչև 3 տարեկան երեխաների մոտ նշիկաբորբի էթոլոգիայում էապես գերակշռող են վիրուսները:

Փաստաբանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է փորձագետը նշում, որ անհրաժեշտ էր հակաբիոտինկերով բուժում: Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ օրգանիզմն օրգան համակարգերի միասնություն է, նշիկաբորբը թոքաբորբից կամ այլ հիվանդություններից, հատկանիշներից տարանջատել չի կարելի:

Փորձագետն ասաց նաև, որ երբ անձը խնդիրներ է ունենում, օրինակ, սիրտ-անոթային համակարգի հետ, հետազոտվում է ամբողջ օրգանիզմը՝ հասկանալու համար խնդրի բուն պատճառը:

Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը նշեց, որ նույն հարցը մյուս փաստաբանը 4 անգամ արդեն տվել է. «Ինչքա՞ն կարելի է նույն բանը լսել ամեն օր»,- ասաց նա:

Դատավոր Լևոն Ավետիսյանն էլ արձագանքեց՝ խնդրելով միայն  փորձաքննության և տվյալ փորձաքննության շուրջ հարցեր ուղղել: Դատավորը կոչ արեց ամփոփել հարցերը և աշխատել չկրկնվել, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ այս պայմաններում պաշտնական կողմին զրկում են պաշտպանվելու հնարավորությունից:

Երեմ Սարգսյանը փորձագետից հետաքրքրվեց նաև՝ ի՞նչ եղանակով է որոշվել, որ Լիա Միսակյանը հիվանդ է եղել թարախաֆիբրինային թոքաբորբով, եթե չի կատարվել մանրէաբանական հետազոտություն: Ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ թարախաֆիբրինային թոքաբորբի որոշման համար բացարձակ անհրաժեշտություն չկար կատարելու մանրէաբանական հետազոտություն:

«Դրա համար լիովին, բացարձակապես հյուսվածաբանական հետազոտություն կատարելը գիտականորեն հիմնավորված է: Դա անգամ շատ դեպքերում կատարվում է անզեն աչքով, այսինքն՝ ոչ մի գործիք, ապարտ պետք չէ, փորձագետը՝ գնահատելով միայն թոքերը, մյուս օրգանների հետ համեմատական վերլուծություն կատարելով, սեկցիոն սեղանի մոտ կարող է, իրավասու է»,- ասաց փորձագետը:

Պաշտպանի հարցին՝ ինչպե՞ս որոշվեց, որ նշիկաբորբը 4-5 օրվա վաղեմություն ունի, փորձագետը պատասխանեց, որ դա կապված է դատահյուսվածքաբանական հետազոտության արդյունքների հետ: Հարցին՝ արդյոք փորձաքննության եզրակացության մեջ նշվա՞ծ է, թե ինչի հիման վրա է որոշվել 4-5 օրվա վաղեմությունը, փորձագետը պատասխանեց, որ դա որոշվել է թոքաբորբի պատկերով, որը նկարագրված է դատահյուսվածաբանական ուսումնասիրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս