Բաժիններ՝

Թուրքիան հեռահար գործունեության ռադիոկայան է տեղակայել Սուլեյման Շահի դամբարանի տարածքում

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հեռահար գործունեության ռադիոկայան է տեղակայել Սիրիայում՝ Սուլեյման Շահի դամբարանի տարածքում: Այս մասին թերթին հայտնել են ռազմական աղբյուրները:

Թերթը հիշեցնում է, որ մինչև Սիրիայում ներքին բախումներ սկսվելը թուրք բարձրաստիճան սպան այցելել էր տեղի կայազոր և հրամայել էր ծավալել ավելի կատարյալ ռադիոկապ: Գործող համակարգի կապն ապահովում էր միայն թուրք-սիրիական սահմանին ընկած մերձակա զորամասի հետ:

Այսինքն, կայազորը զրկված էր Շանլըուրֆայում բազավորված զրահատանկային բրիգադի հրամանատարության հետ կապ հաստատելու հնարավորությունից, որին նա ենթարկվում է անմիջականորեն:

Նոր ռադիոկայանի տեղակայումից քիչ անց Դամասկոսը պաշտոնական բողոք էր հղել Անկարային՝ ընդգծելով սիրիական հետախուզության կողմից տարածաշրջանում թուրքական կապի համակարգի չափազանց մեծ ակտիվության ֆիքսումը:

Թուրք զինվորականները նոր ռադիոկայանը վերացրել էին այն բանից հետո, ինչ Թուրքիայի ԱԳՆ-ը զինվորականներին իրազեկել էր դիվանագիտական այդ նոտայի մասին:

Թերթը գրում է, որ ներկայումս Սիրիայի տվյալ շրջանում գործող զինյալների կողմից սպառնալիքի առաջացումը, ինչպես նաև Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունների վատթարացումը Թուրքիային հարկադրեցին որոշում ընդունել ռադիոկայանի վերստին տեղակայման մասին:

Թերթի ռազմական աղբյուրները հայտնել են, որ դամբարանի տարածքում գործող թուրք զինվորականներն այժմ հնարավորություն ունեն ուղիղ կապ հաստատել Թուրքիայի տարածքում գտնվող և 100-ավոր կիլոմետրեր հեռավորության վրա ընկած ռազմական այլ պահակակետերի հետ: Աղբյուրները նաև ընդգծել են, որ կապի նոր համակարգը գործնականում անորսալի է:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո այդ տարածքը հայտնվել է ֆրանսիական տիրապետության տակ: Չնայած դրան՝ 1921 թվականին Ֆրանսիայի ու Անկարայի միջև կնքված պայմանագրով Սուլեյման Շահի դամբարանի տարածքը ճանաչվել է որպես Թուրքիայի Հանրապետության տարածք և որոշվել է, որ այդ տարածքը պաշտպանելու է թուրք զինվորը:

Դամբարանի տարածքը ներկայումս պաշտպանում է թուրք մոտ 25 զինծառայող: Թուրքական մամուլի պնդմամբ՝ դամբարանի տարածքը Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն նրան պատկանող միակ տարածքն է: Սուլեյման Շահը կամ Սուլեյման Շահ Քայա Ալփօղլուն (1178-1227) հանդիսանում է Օսմանյան սուլթանության (բեյության) հիմնադիր (1299) Օսման (Գազի) բեյի պապը և Էրթուղրուլի հայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս