ԵՄ-ը «Բոկո Հարամ» խմբավորմանը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում է ներառել «Բոկո Հարամ» արմատական իսլամական կազմակերպությանը: Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:
ԵՄ-ը կտրականապես դատապարտել է Նիգերիայում «Բոկո Հարամի»գործադրած բռնություններն ու հանցանքները և ամուր աջակցություն է հայտնել Նիգերիային՝ կապված ահաբեկչության դեմ նրա պայքարի հետ: Մայիսի 29-ին Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը հրաման է արձակել «Բոկո Հարամի» դեմ լայնամասշտաբ գործողություններ սկսելու մասին:
Նախագահի հրամանին նախորդել էր «Բոկո Հարամի» զինյալների կողմից Նիգերիայի հյուսիս-արևելյան Չիբոկ բնակավայրի վարժարանից 276 դպրոցականի առևանգումը: Ոստիկանության տվյալներով՝ 53 դեռահասի հաջողվել է փախուստի դիմել, 223-ը ցայժմ մնում են զինյալների ձեռքում:
«Բոկո Հարամը» ուսումնական հաստատության վրա հարձակումը բացատրել էր նրանով, որ «պետք է վերջ տրվի արևմտյան կրթությանը, իսկ աղջիկները պետք է լքեն դպրոցն ու ամուսնանան»: