Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Ռաուֆ Միրկադիրովի բողոքը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր դիտարկել է կալանքի տակ գտնվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի բողոքը՝ կապված իր իրավունքների խախտման հետ:
Միրկադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովը հայտարարել է, որ իրենք այդ բողոքը ներկայացրել էին դեռևս ապրիլի 25-ին: Միրկադիրովը պահանջել է չեղյալ հայտարարել իրեն կալանավորելու մասին որոշումը, սակայն նրան մերժել են: Միրկադիրովը կմնա նախնական կալանքի տակ:
Ռաուֆ Միրկադիրովն Ադրբեջանում ձերբակալվել է ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Նրան մեղադրել էին Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Ապրիլի 21-ին դատարանը նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց էր ընտրել եռամսյա կալանքը: