Թուրքիան, Իսրայելն ու Կատարը չեն հրավիրվել Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի երդմնակալությունը հունիսի 8-ին անցկացվելու է մայրաքաղաք Կահիրեում: Դրան մասնակցելու հրավերներ են ուղարկվել եգիպտացի ու օտարազգի ավելի քան 1000 բարձրաստիճան հյուրի:
Հրավերներ չեն ուղարկվել միայն Կատարին, Թուրքիային ու Իսրայելին: Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարության ներկայացուցչները բացառվել են հյուրերի ցանկից՝ կապված երկրների միջև ոչ գոհացուցիչ հարաբերությունների հետ: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա այդ ցուցակում է հայտնվել այդ երկրի նկատմամբ եգիպտացիների ընդհանուր անբարյացակամ տրամադրվածության պատճառով:
Երեքշաբթի Թուրքիայի գործերով ժամանակավոր հավատարմակատարին կանչել էին Եգիպտոսի ԱԳՆ, ուր և նրան բողոքի նոտա էին հանձնել՝ կապված թուրք պաշտոնատար անձանց հերթական հայտարարությունների հետ, որոնցում կասկածի տակ էին դրվել եգիպտացիների կամարտահայտման ազնիվ ու թափանցիկ բնույթ կրելը: