Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում. Լուկաշևիչ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-18-ին այցելելու է Ադրբեջան, ինչը կլինի ընթացիկ տարում երկու երկրների արտգործնախարարների 4-րդ հանդիպումը.
«Ադրբեջանը Հարավային Կովկասում մեր ռազմավարական գործընկերն է: 2013 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 3.5 միլիարդ դոլար: Դա 4 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ: Ադրբեջանում գործում է ռուսական ավելի քան 500 ընկերություն»:
Լուկաշևիչը հավելել է, որ ներկայումս ընթանում են Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության գծով 16-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները.
«Մեր համագործակցության կարևորագույն տարրերից մեկը Ռուսաստանի ու Ադրբեջանի սուբյեկտների միջև զարգացումն է: Մենք մեծ հույսեր ենք կապում Ռուս-ադրբեջանական միջազգային 5-րդ ֆորումի հետ, որը հունիսի 23-24-ին անցկացվելու է ադրբեջանական Գաբալա քաղաքում»: