
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը վերադառնում է Կիև

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալությանը կմասնակցի դեսպան Միխայիլ Զուրաբովի մակարդակով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը մասնակցելու է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ով վերադառնում է Ուկրաինա:
Կարասինը հավելել է, որ ավելի լայն իմաստով իրենք հուսով են, որ դա դրական ազդանշան կհանդիսանա Կիևի համար և կհաստատի, որ իրենք պատրաստ են փոխգործակցության ու հարգում են ուկրաինացիների կատարած ընտրությունը: Փետրվարի վերջին Զուրաբովը խորհրդակցության նպատակով հետ էր կանչվել Մոսկվա՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրվելու հետ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրավիրվել Պորոշենկոյի երդմնակալությանը, և որ Ռուսաստանն այդ արարողակարգին մասնակցելու է Ուկրաինայում իր դեսպանատան ներկայացուցչի մակարդակով: