
Եվրահանձնաժողովը Բուլղարիային մեկ ամիս է հատկացրել՝ «Հարավային հոսքի» հարցում կողմնորոշվելու համար

Ռուսական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը մեկ ամիս ժամանակ է տվել Բուլղարիային՝ պատասխանելու համար Բրյուսելի դիմումին, որն առնչվում է «Հարավային հոսք» գազատարի կառուցման դադարեցմանը: Դիմումում հիշեցվում է նաև եվրոպական օրենքները կատարելու անհրաժեշտության մասին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անտուան Կոլոմբանին. «Մենք Բուլղարիայի ղեկավարությանը խնդրել ենք կանգնեցնել նախագիծը, քանի դեռ Եվրահանձնաժողովը շարունակում է քննարկումները: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Հունիսի 2-ին մենք պաշտոնական դիմում ենք հղել բուլղարական ղեկավարությանը, այժմ նրանք պատասխանի համար ունեն մեկ ամիս ժամանակ: Մենք վստահ ենք, որ Բուլղարիան պետք է դադարեցնի «Հարավային հոսք» գազատարի կառուցումը: Բուլղարիան պետք է համապատասխանի եվրոպական օրենքներին»: