Բոդրումում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Բոդրում քաղաքում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովը: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:
Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև տվյալ երկրների արտգործնախարարներ, մշակույթի ու զբոսաշրջության նախարարներ:
Գագաթաժողովը բացել է Աբդուլլահ Գյուլը՝ ընդգծելով, որ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է նրա համար, որովհետև հասունացել էր այդ պահը. «Մեր կապերն այնքան ամուր են, որ մենք չկարողացանք սահմանափակվել միայն երկկողմ համագործակցությամբ:
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովներն անցկացվում են 2009 թվականից և վերածվել են թյուրքական ժողովուրդների միասնության ու հավասարության խորհրդանիշի: Մեր նպատակը տարածաշրջանային ընդհանրության ստեղծումն է, որը կաջակցի տարածաշրջանային համագործակցության այլ մեխանիզմների»:
Գյուլն ընդգծել է, որ այսօրվա գագաթաժողովը նվիրված է զբոսաշրջային թեմային: