
Ռոուհանիի թուրքական այցի ժամանակ կստորագրվի 6 համաձայնագիր

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա թուրքական այցի ժամանակ Անկարայում Իրանի ու Թուրքիայի միջև ստորագրվելու է 6 համաձայնագիր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում նաև էներգետիկ ոլորտին:
Այս մասին հայտարարել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, ով այդ հայտարարությունն արել է Անկարայում թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Վաեզին դրական է գնահատել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում թուրք-իրանական համագործակցությունը: Նրա խոսքերով՝ Թուրքիան պատրաստ է մեծացնել Իրանից բնական գազի ներկրումը, իսկ Իրանն իր հերթին պատրաստ է ապահովել դա:
Ռոուհանիի թուրքական այցը պլանավորված է հունիսի 9-ին: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս այս տարվա հունվարին այցելել է Իրան: