
G7-ի երկրները դատապարտել են Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ G7-ի անդամ երկրների առաջնորդները դատապարտել են Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը՝ դրանք որակելով որպես «կեղծիք»:
Այս մասին նշված է Բրյուսելում G7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությունում. «Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի նախագահական կեղծ ընտրությունները. Ասադն ապագա չունի Սիրիայում»:
Բաշար Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում հավաքել է քվեների 88.7 տոկոսը և երկիրը կղեկավարի ևս 7 տարի ժամկետով: Ասադի հաղթանակը տոնելիս Սիրիայում զոհվել ու վիրավորվել են նրա մի շարք կողմնակիցներ:
Ասադը գիշերը հատուկ ուղերձ է հղել ազգին՝ կոչ անելով փամփուշտները խնայել բանակի համար, որը շարունակում է պայքարել զինյալների դեմ՝ երկրում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: