
Սիրիայում Ասադի հաղթանակը տոնելիս զոհվել է 3 և վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ. France-Presse

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը ձայների մեծ առավելությամբ հաղթել է հունիսի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում և այժմ երկիրը գլխավորելու է ևս 7 տարի ժամկետով:
Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ջիհադ ալ-Լյահամը երեկ երեկոյան ներկայացրել է քվեարկության վերջնական արդյունքները: Դրանց համաձայն, Ասադը հավաքել է քվեների 88.7 տոկոսը՝ ավելի քան 10.3 միլիոն քվե: Նրա մրցակիցներ Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին ու Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարը ստացել են քվեների համապատասխանաբար 4.3 և 3.2 տոկոսը:
Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 73.4 տոկոս: Դամասկոսի բնակիչները քվեարկության արդյունքների հրապարակումն ընդունել են բարձր ծափողջույներով ու օդ կրակելով: Ասադի հազարավոր կողմնակիցներ՝ «զինված» նրա լուսանկարներով ու ազգային դրոշներով, դուրս են եկել փողոցներ՝ տոնելու ընտրությունների արդյունքները:
France-Presse լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դամասկոսում տոնական կրակոցների ժամանակ զոհվել է առնվազն երեք մարդ, ևս մի քանի տասնյակ մարդ տուժել է: Բացի այդ, 20 մարդ վիրավորվել է Հալեպում Ասադի հաղթանակը տոնելիս:
Ընդգծվում է, որ հունիսի 3-ի նախագահական ընտրություններն իրենց տեսակում առաջինն էին Սիրիայի համար, երբ դրանց մասնակցում է մի քանի թեկնածու: Քվեարկությունն անցկացվել է իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: