Հայաստանում անընդհատ բարձրանալու է էներգակիրների սակագինը, որպեսզի ՀՀ-ի կախվածությունը «Գազպրոմից» չնվազի. «ՀԺ»
«Իրականացան այն մռայլ կանխատեսումները, թե շուտով Հայաստանում կրկին կբարձրանա էլէներգիայի սակագինը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Դեռ մեկ ամիս առաջ տեղեկություններ էինք հրապարակել այն մասին, որ էներգահամակարգում հսկայական ֆինանսական ճեղքվածք է գոյացել, եւ սակագնի բարձրացումը անխուսափելի է: Եւ ահա, երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն տեղադրեց իր պաշտոնական կայքէջում` այն մասին, որ այդ «ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում»:
Այլ կերպ ասած, հանձնաժողովը առաջիկայում պատրաստվում է մոտ 10 տոկոսով բարձրացնել սպառողներին, այդ թվում նաեւ բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը: Ներկայումս բնակչությունը մեկ կՎտժ էլէներգիայի դիմաց վճարում է 38 դրամ: Սակագնի բարձրացումից հետո դրա դիմաց պետք է վճարենք 42-43 դրամ: Առաջիկայում, իհարկե, մեզ կփորձեն համոզել, որ էլէներգիայի թանկացման պատճառները օբյեկտիվ են, ինչը, սակայն, իրականության հետ ոչ մի կապ չունի:
Մեր էներգահամակարգը աշխատում է խիստ անարդյունավետ եւ ուղղակի ներծծված է կոռուպցիոն տարատեսակ սխեմաներով եւ քաղաքական մութ գործարքներով ու մեքենայություններով:
Օրինակ` մինչ օրս պաշտոնական որեւէ կառույց չի պարզաբանել, թե ինչու է տարեց-տարի նվազում Իրանից ներկրվող գազի ծավալը:
Խնդիրն այն է, որ իրանական գազը ուղղվում է բացառապես էլէներգիայի արտադրությանը եւ ստացված յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց Իրան արտահանելով 3 կՎտժ էլէներգիա` Հայաստանի էներգահամակարգին մնում է 1-2 կՎտժ բացարձակապես անվճար էլէներգիա:
Դրանից ուղղակի հետեւում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լիներ օր-օրի մեծացնել Իրանից ստացվող գազի ծավալը, սակայն իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Եւ դրա պատճառը մեկն է:
Հայաստանում կա երեք խոշոր ջերմաէլեկտրակայան: Իրանական գազը ուղղվում է Երեւանի ՋԷԿ, իսկ մյուս երկուսում` Հրազդանի ՋԷԿ-ում եւ 5-րդ բլոկում այրվում է Ռուսաստանից ստացվող գազը, որի դիմաց վճարվում է կանխիկ արտարժույթ: Եւ եթե մեծացվի Իրանից ստացվող գազի ծավալը, ապա պետք է համարժեքորեն նվազեցվի այս երկու էլեկտրակայաններում օգտագործվող ռուսական գազի քանակը:
Իսկ դրա հետեւանքով «Գազպրոմի» եկամուտները կնվազեն, բայց սա արդեն, Սերժ Սարգսյանի տեսանկյունից, անթույլատրելի է: Իր գործունեության շրջանում Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայել, ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը դառնա ռուսական պետական ընկերությունների սեփականությունը` դրա դիմաց, բնականաբար, ստանալով իշխանությունը պահպանելու երաշխիքներ:
Հաշվարկները ցույց են տալիս, որ Իրանի հետ կիրառվող «գազ-էլէներգիայի դիմաց» սխեման լիարժեքորեն կիրառելու դեպքում Հայաստանում սպառվող էլէներգիայի մոտ 30 տոկոսը կարող է դառնալ գրեթե ձրի եւ շեշտակի նվազեցնել սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը:
Բայց այդ դեպքում ռուսական թանկ գազով աշխատող ՋԷԿ-երը կմատնվեն պարապուրդի, իսկ Հայաստանի կախվածությունը «Գազպրոմից» կնվազի: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, Հայաստանում անընդհատ բարձրանալու է էներգակիրների սակագինը: Էլեկտրաէներգիայի սակագնի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը 11 ամիս առաջ` 2013 թվականի հուլիսի 7-ին: Ընդ որում, այդ ժամանակ էլեկտրականությունը թանկացավ շեշտակի` 8 դրամով կամ` 27 տոկոսով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։