Գարեգին Մելքոնյան. «Հայաստան-Ղարաբաղ սահմանագծին որևէ մաքսակետ չպետք է լինի»
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած հայտարարությունից հետո Հայաստանում շարունակվում են քննարկումները` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հնարավոր մաքսային սահմանի հարցի շուրջ:
Իշխանության ներկայացուցիչների կարծիքով` եվրասիական նախագծի համատեքստում Ղարաբաղի հարցը քննարկելը տեղին չէ և չի բխում Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերից, քանի որ, ինչպես ասում են, անհանգստանալու կարիք չկա: Ի սկզբանե ենթադրվում էր, որ Մաքսային/Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում Ղարաբաղի միանալու հարցը կլուծվի, այսպես ասած, լռության ռեժիմով:
Բայց Ղազախստանի նախագահը խախտեց այդ լռությունը` հրապարակայնացնելով հարցը: Եվ այժմ իշխանության ընդդիմախոսները, հատկապես նրանք, ովքեր դեմ են եվրասիականացմանը, ընդհակառակը` հայտարարում են, որ եվրասիական ինտեգրումը սկսել է լուրջ սպառնալիքներ առաջացնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության համար: Այսպիսի կարծիքներ մասնավորապես հնչեցին հունիսի 2-ին «Գործընկերություն` հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից «Հայաստանի գոյության մարտահրավերները` Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով կազմակերպված հանրային քննարկմանը, որի ընթացքում իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը և այլ հասարակական-քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ հիշեցրեցին, որ նույն իշխանության ներկայացուցիչները ոչ վաղ անցյալում` 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, հասարակությանը համոզում էին, որ Հայաստանը միանում է Մաքսային/Եվրասիական միությանը` հանուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, իսկ հիմա իրավիճակը փոխվել է:
Իսկապես, Ալիևի ընկեր Նազարբաևի հայտարարությունից հետո իշխանական հռետորաբանությունը փոքր-ինչ փոխվեց, Սերժ Սարգսյանն էլ Աստանայի նիստից երկու օր անց ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»: Նախագահը նշեց, որ Նազարբաևի ասածը որևէ վնաս չի կարող մեզ տալ, Մաքսային միությունում էլ ղարաբաղյան հարցը չի լուծվում, թեև միաժամանակ ավելացրեց` «Մաքսային միությանն անդամակցելը միանշանակ նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը»: Իշխանությունները Նազարբաևի հայտարարությունից հետո էլ հավաստիացնում են, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական տնտեսական տարածք են, և դրանց միջև մաքսային սահման չի կարող լինել:
Կլինի՞ մաքսակետ, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Թերևս, սա ավելի շատ քաղաքական բնույթի հարց է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնք նաև մասնագիտական գնահատականի կարիք ունեն: Խոսքը մասնավորապես Նազարբաևի կողմից արված համեմատության մասին է: Հիշեցնենք` դիմելով ՀՀ նախագահին և մեջբերումներ անելով Իլհամ Ալիևի նամակից` Ղազախստանի նախագահն ասաց, թե Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցել է ՀՀ-ի` ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, ուստի նույնը պետք է լինի Եվրասիական միությանը միանալու դեպքում: Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ:
– Պարոն Մելքոնյան, եթե ընդունում ենք, որ ԱՀԿ-ի և ԵՏՄ-ի միջև զուգահեռները կոռեկտ չեն, քանի որ ԱՀԿ-ն ավելի ազատ մոտեցումներ ունի, իսկ ինտեգրացիոն նախագծերը` մաքսային կամ տնտեսական միությունները, ենթադրում են առևտրային կանոնների հստակեցում և ընդհանուր տնտեսական քաղաքականություն, այդ դեպքում հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ին անդամակցելիս` Հայաստանին այլ պայմաններ առաջադրեն:
– Եկեք ֆիքսենք մի բան: Պետք չէ սրանք իրար հետ համեմատել, որպեսզի հետո եզրակացնենք, որ սա ավելի շատ պայմաններ է ենթադրում, քան մյուսը: ԱՀԿ-ն ունի հիմնարար մի քանի համաձայնագրեր: Երբ մենք միանում ենք ԱՀԿ-ին, ասում ենք, որ ընդհանուր առմամբ մեր տնտեսությունը, առևտուրը, առևտրի կարգավորումը կանենք առնվազն այս նորմերի շրջանակներում, որոնք միջազգայնորեն ընդունված են: ԱՀԿ-ն ո՛չ պլան ունի, ո՛չ առաքելություն, ո՛չ էլ ինչ-որ խնդիր է դրված, որ ԱՀԿ-ն 10, 20 կամ 30 տարի հետո գնալով դառնալու է այդ կազմակերպությունում ընդգրկված երկրների միություն կամ գնալու է ավելի խորը ինտեգրման: Նման բան չկա: ԱՀԿ-ի խնդիրն ընդամենն աշխարհում նմանեցված նորմեր կիրառելն է, որպեսզի երկրներից մեկի նորմը ծայրահեղ տարբեր չլինի մյուսից:
Իսկ ի՞նչ է միությունը: Օրինակ, երեք երկիր պայմանավորվում են, որ երեքով ինչ-որ մի բան ստեղծեն: Մենք ԱՀԿ-ի ավելի քան 150 անդամ երկրների հետ որևէ միասնական բան չենք ստեղծել. ո՛չ մաքսային միություն ենք ստեղծել, ո՛չ էլ ազատ առևտրի գոտի: Հետևաբար, մեկը մյուսի հետ համեմատել, ասել` սա թույլ է, սա բարդ է, սխալ է:
Ինչ վերաբերում է միությանը` տնտեսական կամ մաքսային: Միանշանակ ճիշտ եք ասում` Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունն ինտեգրման տարբեր աստիճաններ են: Եթե նայենք ինտեգրման աստիճաններով, կա ազատ առևտուր, որը նշանակում է, որ երկիրը որևէ այլ երկրի հետ որոշում է, որ իրար միջև առևտուր անելիս` մաքսատուրքեր չեն գանձում:
Հայաստանն ազատ առևտուր ունի ԱՊՀ-ի շրջանակներում, Վրաստանի հետ, և այլն, և այլն: Ինտեգրման հաջորդ հարթությունը մաքսային միությունն է, երբ այս երկրները միասին ոչ միայն մաքսատուրք չեն գանձում, այլ ստեղծում են մեկ միասնական մաքսային տարածք, երրորդ երկրների նկատմամբ կիրառում են նույն դրույքաչափերը, և, բացի այն, որ իրար միջև մաքսատուրք չեն գանձում, նաև չեն ձևակերպում մաքսային հայտարարագրեր: Այսօր Բելառուսից դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանք գնալուց մաքսային ձևակերպում չի իրականացվում: Ապրանքը լցնում են, մեքենան՝ քշում-տանում են Ռուսաստան և այնտեղ դատարկում: Այլևս սահմանի վրա մաքսային ընթացակարգեր չեն իրականացվում: Տնտեսական միությունն ինտեգրման ավելի խորը աստիճան է, որի դեպքում ապրանքների ազատ տեղաշարժին ավելանում են նաև այլ ուղղություններով ազատական ինտեգրման բաղադրիչներ` կապիտալի տեղաշարժ, ծառայությունների առևտուր, և այլն:
– Հարցս հենց սրա մասին է: Մեզ պետական մակարդակով ասում են, որ «նախադեպ կա, դուք այսպես եք անդամակցել ԱՀԿ-ին», և այլն, և այլն: Սա նշանակո՞ւմ է, որ Եվրասիական միությունում մեզ ուրիշ պայմաններ են առաջադրելու` մաքսային սահմանի և մաքսակետերի առումով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հետ:
– Ո՞վ է պարտադրելու:
– Այն մարմինը, որը զբաղվելու է ԵՏՄ-ի տնտեսական քաղաքականությամբ:
– Այդ հարցին արդեն իսկ անդրադարձ եղել է. օրեր առաջ Դուք առիթ եք ունեցել խոսելու նաև Էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաև իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ չկա որևէ քննարկում այն մասին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռեժիմային բնույթի որևէ փոփոխություն է լինելու: Այդ հարցը լրացուցիչ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Ղարաբաղի հետ սահմանին որևէ մաքսային ձևակերպում չի կատարվում, չի եղել, հիմա էլ չկա: Եվ ես էլ եմ կարծում, որ հետագայում որևէ մաքսակետ չի կարող լինել, քանի որ փաստացի մենք` Լեռնային Ղարաբաղի հետ միասին, գտնվում ենք մեկ միասնական մաքսային տարածքում, և չեմ կարծում, որ իրատեսական է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելը:
– Գուցե բանակցությունները դեռ ընթանում են, և չեք կարող բացել որոշ փակագծեր, բայց, ամեն դեպքում, ի՞նչ երաշխիքներ ունենք, որ մաքսային սահման չի լինի: Այդ պահանջը մենք բանակցությունների ընթացքո՞ւմ ենք դնում: Փաստ է, որ միության անդամներից մեկը մեր առջև դնում է այդ պայմանը:
– Ի՞նչ պայման է դնում անդամներից մեկը:
– Ես նկատի ունեմ Նազարբաևի հնչեցրածը, որ մենք անդամակցել եք ԱՀԿ-ին` ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում: Սա նշանակում է, որ մաքսային սահմա՞ն պետք է լինի:
– Կարծում եմ` ես Ձեր հարցին պատասխանեցի: Այդ հարցի շուրջ ավելի տարածվելը և ավելի մանրամասնելը ուղղակի նպատակահարմար չեմ համարում:
– Իսկ ընդհանրապես, եթե մի երկիր անդամակցում է որևէ միության և անդամակցում է այն սահմաններով, որ, ինչպես նշեց Նազարբաևը, ՄԱԿ-ի կողմից են գրանցված, խոսքն այդ դեպքում մաքսայի՞ն սահմանի մասին է:
– Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ Հայաստան-Ղարաբաղ սահմանագծին որևէ մաքսակետ չպետք է լինի մի պարզ պատճառով, որ մենք ունենք ապրանքների ազատ շրջանառություն: Այդպես եղել է և այդպես կա: Հետագայում էլ, կարծում եմ, այդ հարցում որևէ բան չի փոխվի:
– Իսկ եթե փոխվեն առևտրային ռեժիմները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, դա բացասական ազդեցություն չի՞ ունենա:
– Ես նորից եմ կրկնում` ես կարծում եմ, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև ապրանքների շարժը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է:
– Փաստորեն, դա մեր ցանկությունն է:
– Ես Ձեր հարցին պատասխանեցի:
– Իսկ ո՞ր մարմիններն են ԵՏՄ-ում իրականացնելու տնտեսական սահմանների վերահսկողությունը:
– Մաքսային տարածքի արտաքին սահմանները վերահսկում են մաքսային մարմինները:
– Այդ դեպքում ինչպե՞ս ենք ասում, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին մաքսակետ չի լինելու:
– Ես ասացի իմ կարծիքը: