
Պուտինին չեն հրավիրել Պորոշենկոյի երդմնակալությանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը հրավիրվել է Կիևում դեսպանատան ներկայացուցչի մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Նա հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի ուղարկվել Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա գտնվելու հրավեր: Պորոշենկոյի երդմնակալությունը պլանավորված է հունիսի 7-ին: Դրան իրենց մասնակցությունն արդեն իսկ հաստատել է մոտ 20 երկրի առաջնորդ:
Մասնավորապես, իրենց մասնակցությունը հաստատել են Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը, ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ԵԱՀԿ-ի գալխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: