
Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են ստեղծել վարկանիշային գործակալություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են ստեղծել վարկանիշային գործակալություն՝ համատեղ նախագծերին գնահատական տալու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Նրա խոսքերով՝ նման որոշումը թելադրված է ավելի մեծ օբյեկտիվության ձգտմամբ:
Չնայած դրան՝ նախաձեռնողները հայտարարել են, որ նոր գործակալությունն օգտագործելու է այն կազմակերպությունների կողմից կիրառվող ռիսկերի գնահատման չափանիշները, որոնց գործունեությունը քննադատում են նրանք:
Նախարարի խոսքերով՝ վարկանիշային նոր գործակալության տված գնահատականները պետք է լինեն բացառապես տնտեսական: Սիլուանովը հավելել է, որ սկզնական շրջանում այդ գործակալությունը զբաղվելու է ռուս-չինական համագործակցության ոլորտի նախագծերի ու ներդրումների գնահատմամբ: