Տոն և 30 մլրդ եկամուտ. Բրազիլիայի դեսպանի ակնկալիքը՝ ֆուտբոլի առաջնությունից
Հայաստանի ընդամենը 10 քաղաքացի ներկա կգտնվի Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանը. Բրազիլիայի դեսպանությունը 10 վիզայի հայտ է ստացել և բավարարել, որոնցից 2-ը շահել են առաջնությանը ներկա գտնվելու հնարավորությունը, իսկ մեկը գնում է որպես կամավոր՝ կազմակերպչական աշխատանքներին օգնելու համար: «Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կայանալու են Բրազիլիայի 12 կարևորագույն քաղաքներում, և կատարված ծախսերը նպաստելու են աշխատատեղերի ավելացմանը, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև ակնկալում ենք 30 մլրդ եկամուտ», – այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Բրազիլիայի դեսպանն անդրադարձավ հունիսի 12-ին մեկնարկող ֆուտբոլի առաջնության դեմ Բրազիլիայում անցկացվող բողոքի ակցիաներին` նշելով, որ առաջնության վրա ծախսված 300 մլրդ գումարը նպաստելու է նաև այն հարցերի լուծմանը, որոնց համար բողոքում են մարդիկ:
Դեսպանը հավաստեց, որ Բրազիլիայի կառավարությունն անում է ամեն ինչ բոլոր հյուրերի անվտանգությունն ապահովելու համար, սակայն կան տեղեր, որտեղ պետք է առավել ուշադիր լինել, ինչի մասին Բրազիլիայի մուտքի արտոնագիր խնդրող անձանց նախօրոք տեղեկացնում են:
Չնայած այն փաստին, որ մարզադաշտերից երկուսը` Պորտու Ալեգրիում ու Սան Պաուլոյում, դեռ պատրաստ չեն, պարոն Դուարտե Մոնտեյրոն վստահ է, որ ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը դառնալու է տոն. «Բրազիլիայում 200 մլն մարդ է բնակվում, 3 մլն 600 հազար մարդ արդեն տոմս է գնել խաղերի համար, և առաջնությունը միանշանակ տոնի է վերածվելու»:
Անդրադառնալով Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական ու մշակութային կապերին` պարոն դեսպանը նշեց, որ Բրազիլիան զիջում է Հայաստանի խոշոր տնտեսական գործընկերներին, քանի որ երկու երկրների միջև առևտրի շրջանառությունն ընդամենը 40 մլն դոլար է կազմում:
«Բրազիլիան ունի այնպիսի ապրանքների պահանջարկ, ինչպիսին են՝ կոնյակը, գինին և այլն, և հայ գործարարները կարող են արդյունավետ աշխատել օրեցօր ընդլայնվող բրազիլական շուկայում», – հայտարարեց դեսպանը` հավելելով, որ Հայաստանն ու Բրազիլիան կարող են համագործակցել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ Հայաստանն ունի ինժեներատեխնիկական և ՏՏ զարգացած ոլորտ, իսկ Բրազիլիան աշխարհում 7-րդն է ՏՏ ոլորտի զարգացվածությամբ:
«Տարբեր հանդիպումներ եմ ունեցել հայ գործարար ոլորտի հետ, և արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ Սան Պաուլոյում լինի Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի մշտական ներկայացուցիչ», – նշեց դեսպան Մոնտեյրոն` առաջարկելով հայ գործարարներին ցուցահանդեսների, հանդիպումների, այցելությունների միջոցով բարելավել Բրազիլիայի հետ տնտեսական կապերը:
Խոսելով Բրազիլիայում 40 հազարանոց հայ համայնքի մասին` բանախոսը մատնանշեց հայերի ներգրավվածությունը տնտեսության ամենատարբեր ոլորտներում, որոնց ներուժն օգտագործելով կարելի է ամրապնդել երկու երկրների կապերն ու հասնել Հայաստանում բրազիլական համայնքի մեծացմանը:
Այս օրերին Հայաստանում է բրազիլական հանրահայտ Globo TV-ն, որը նկարահանում է տեսանյութ Հայաստանի մասին: Ըստ դեսպանի` այդ տեսանյութը նպաստելու է Հայաստանի ճանաչմանն ու խթանելու տուրիզմը: