
Իսրայելը չափազանց դժգոհ է, որ ԱՄՆ-ը մտադիր է աշխատել պաղեստինյան նոր կառավարության հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը չափազանց դժգոհ է, որ ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է համագործակցել Պաղեստինի նոր կառավարության հետ, որում ներգրավված են նաև ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը.
«Մենք չափազանց դժգոհ ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է աշխատել ազգային միասնության պաղեստինյան կառավարության հետ: Վաշինգտնոը կարող է նպաստել խաղաղ կարգավորմանը՝ պահանջելով, որ Մահմուդ Աբբասը խզի ՀԱՄԱՍ-ի հետ պակտը և վերադառնա Իսրայելի հետ բանակցություններին»:
Ապրիլի վերջին Իսրայելը հրաժարվել էր պաղեստինցիների հետ բանակցությունները շարունակելուց, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ հայտարարվել էր ազգային միասնության կառավարության ստեղծման ճանապարհով ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի առաջիկա հաշտեցման մասին: