
Իտալական «Էլետրա» հետախուզական նավը Սև ծով կմտնի հունիսի 15-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի ռազմածովային ուժերի «Էլետրա» հետախուզական նավը Սև ծով կմտնի հունիսի 15-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իտալական նավը Սև ծովում կփոխարինի ֆրանսիական «Դյուպյուի դե Լոմ» հետախուզական նավին, որը Սև ծովի ջրատարածությունը լքել է մայիսի 29-ին: Ներկա դրությամբ Սև ծովում է գտնվում ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ. ֆրանսիական «Սյուրկուֆ» ֆրեգատը և ամերիկյան «Վելա Գալֆ» հածանավը:
«Էլետրա» նավը հագեցած է ամենաժամանակակից հետախուզական սարքավորմամբ: Նրա անձնակազմը բաղկացած է 100 մարդուց, նավի ջրատարողությունը կազմում է ավելի քան 2000 տոննա: