Մեկնարկել է Օբամայի քառօրյա եվրոպական շրջագայությունը
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը: Դա վերջին 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում Օբամայի երրորդ անդրօվկիանոսյան շրջագայությունն է:
Օբամայի հիմնական առաքելությունը հանդիսանալու է Արևելյան Եվրոպայում դաշնակիցներին հանգստացնելը, որոնք հայտնվել են նյարդային վիճակում՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու և Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգի հետ:
Օբամայի եվրոպական քառօրյա շրջագայության առաջին հանգրվանը լինելու է Լեհաստանը, որտեղից նա կմեկնի Բելգիա ու Ֆրանսիա: Օբամայի եվրոպական շրջագայության գլխավոր նպատակն ԱՄՆ-ի դաշնակիցների հետ «անդրատլանտյան կապերի» ամրապնդումն է, ինչը կապված է նաև ուկրաինական ճգնաժամի հետ:
Օբամայի ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Վարշավայի օդանավակայանում, ուր նրան դիմավորել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Հունիսի 4-ին Օբաման պետք է Վարշավայում հանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Օբաման վաղը կմեկնի Բելգիա, ուր կհանդիպի Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ, ապա կմասնակցի G7-ի գագաթաժողովին (որը նախապես պլանավորված էր անցկացնել Ռուսաստանի Սոչի քաղաքում՝ G8-ի մասնակցությամբ):
Դրանում քննարկվելու են արտաքին քաղաքական հարցեր՝ ներառյալ Ուկրաինայի հարցը: Ֆրանսիայում Օբաման կմասնակցի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման (1944 թվական) 70-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին: