«Սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը». Սարո Ծատուրյան (տեսանյութ)

«Առողջության ապահովագրությունը հանդիսանում էր պարտադիր պայման սոցփաթեթից օգտվելու համար: Առողջության ապահովագրության բազային փաթեթի համար, որում նշված էին բժշկական կոնկրետ ծառայություններ, որոնցից տվյալ անձը կարող էր օգտվել, դրա տարեկան արժեքը որոշված էր 52 հազար դրամի չափով: 2013 թվականի վերջին կառավարության կողմից ընդունվեց մի նոր որոշում, որի համաձայն` սկսած 2014 թվականից, սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

2012 թվականից ուժի մեջ էր մտել կառավարության կողմից հաստատված ծրագիրը, որը պետական ծառայողներին, ուսումնական, մշակութային մի շարք հաստատությունների աշխատակիցներին տրամադրում էր սոցփաթեթ: Այն իր մեջ պարունակում էր 4 հիմնական ուղղություններ՝ առողջության ապահովագրությունը, ուսման վարձի վճարումը, հիպոթեկային վարկի մարումը և հանգստի կազմակերպումը Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի տարածքում:

Ս. Ծատուրյանի խոսքով՝ սոցիալական փաթեթի շահառուները շարունակելու են օգտվել նույն ծառայություններից, նույն փաթեթի շրջանակներում, բայց այդ գործընթացի կազմակերպումը և հետագա ծախսերի փոխհատուցումն իրականացվելու է Առողջապահության նախարարության միջոցով. «Այս առումով 2014 թվականը նաև անցումային տարի է հանդիսանում, որովհետև դեռևս կան գործող բազմաթիվ ապահովագրական պայմանագրեր սոցփաթեթի շահառուների կողմից կնքված, որոնք շարունակելու են գործել մինչև իրենց ժամկետի ավարտը, և դա տեղի կունենա տարվա ընթացքում՝ սկսած հունվարից մինչև դեկտեմբեր: Այն պահից սկսած, երբ սոցիալական փաթեթի շահառուն արդեն դադարում է ունենալ գործող պայամանագիր ապահովագրական ընկերության հետ, այսինքն՝ պայմանագրի ժամկետը լրանում է, այդ պահից սկսած նրա բուժօգնության կազմակերպման հոգսն իր վրա է վերցնում Առողջապահության նախարարությունը: 2015 թվականից ի սկզբանե ամբողջ այդ ծավալը որոշ շահառուների համար նախարարությունն է իրականացնելու, որովհետև գործող ապահովագրական պայամանագրեր 2015 թվականի հունվարի 1-ից էլ չեն լինելու»:

168.am-ի հետ զրույցում Ս. Ծատուրյանն ասաց, որ այս կարգը ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 17-ից, որի համաձայն՝ բժշկական ծառայությունների կազմակերպումը եւ ֆինանսավորումը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը. «Ապրիլի 17-ից եղած դեպքերը, որ հիմա մարդը պիտի մնա հիվանդանոցում և ինքը սոցփաթեթի շահառու է, արդեն մենք կարող ենք ընդունել փոխհատուցմամբ»:

Կարդացեք նաև

Ս. Ծատուրյանը նշեց, որ շահառուների համար պայմանները է´լ ավելի են լավացել և ընդլայնվում է բուժհիմնարկի ընտրության հնարավորությունը. «որովհետև Առողջապահության նախարարությունը արդեն իսկ սոցփաթեթի շահառուներին ծառայությունների մատուցման համար կնքել է համաձայնագրեր Հայաստանի տարածքում գործող շուրջ 100 պետպատվեր իրականացնող հիվանդանոցների հետ՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր:

Նախկին կարգի օրոք յուրաքանչյուրն իր ապահովագրական ընկերության միջոցով, որպես կանոն, ավելի սահմանափակ թվով բուժհիմնարկներ դիմելու հնարավորություն ուներ: Նախատեսված է, որ բոլոր սոցփաթեթի շահառուներին տրամադրվելու են համապատասխան հավաստագրեր, դա կլինի փաստաթուղթ, որին կից նաև կլինի ավելի մանրակրկիտ տեղեկատվություն պարունակող ուղեցույց (շահառուի իրազեկվածությունը ապահովելու համար), և այդ փաստաթղթում նշված կլինեն իր անձնական տվյալներ, որը հիմք կհանդիսանա բուժհիմնարկ դիմելուց քաղաքացուն նույնականացնելու համար: Բացի դրանից՝ նախատեսված է էլեկտրոնային շտեմարանի ձեւավորում»:

Խոսելով առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանի մասին՝ Ս. Ծատուրյանը նշեց, որ ինքն այն սկզբունքային մեծ փոփոխություն չի համարում. «Էլեկտրոնային շտեմարանը ընդամենը գործիք է լինելու, որը մենք կարող ենք ավելի հեշտությամբ նույնականացնել շահառուների բուժօգնության դիմելու պահին, այսինքն, համոզվել, որ նա իրոք ունի այդ ծառայությունից օգտվելու իրավունք: Սա ավելի է բարելավում մեխանիզմի վերահսկողությունը»:

Տեսանյութեր

Լրահոս