Ադրբեջանի իշխանությունները պարզապես ցանկանում են վերահսկողության տակ առնել «ժողովրդական դիվանագիտությունը». Լեյլա Յունուս
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (ԽԺԻ) տնօրեն Լեյլա Յունուսն այսօր կազմակերպված online մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ քրեական գործն ունի հնարովի բնույթ:
Յունուսն ընդգծել է, որ Միրկադիրովի կալանավորմանը հաջորդած ավելի քան մեկ ամսում նրա նկատմամբ չի իրականացվել հետաքննողական որևէ գործողություն: Յունուսն ուշադրություն է հրավիրել նրան, որ ԽԺԻ-ի նկատմամբ ճնշումներն ուղղված են «ժողովրդական, անկախ դիվանագիտության» դեմ և քննադատող ձայների վերջնական ճնշմանը:
Յունուսը ճնշումները շաղկապել է նաև ԽԺԻ-ի իրավապաշտպան գործունեության հետ՝ հավելելով, որ ԽԺԻ-ն առաջին անգամ չի ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին: Յունուսը կարծում է, որ քաղաքացիական հասարակության արևմտամետ ակտիվիստներին ճնշելը և անձամբ իրեն կալանավորելը բխում է իշխանության ղեկին գտնվող ռուսամետ ուժեղ խմբից:
Յունուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մինչև վերջ չեն գնահատում այդ սպառնալիքը և խրախուսում են Ադրբեջանում ավտորիտար վարչակարգին: Յունուսի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն կասեցնել «ժողովրդական դիվանագիտությունը», նրանք ցանկանում են այն դնել իրենց վերահսկողության տակ, ինչպես որ մյուս ոլորտներն են: