Մենք չէինք կարող թույլ տալ, որ «Հարավային գազային միջանցքը» մնար որպես պարզապես գաղափար. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Կասպյան նավթ ու գազ» 21-րդ միջազգային ցուցահանդես-կոնֆերանսի բացման արարողակարգի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես նավթային երկիր, սակայն այսօր նա հանդես է գալիս նաև որպես գազ արդյունահանող երկիր:

Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանի գազային պաշարները կազմում են առնվազն 2.5 տրիլիոն խորանարդ մետր, որի կեսը բաժին է ընկնում «Շահ Դենիզ» գազային հանքավայրին. «Դա կարող է կարևոր դեր խաղալ Ադրբեջանի ու Եվրոպայի երկարաժամկետ էներգոանվտանգության ապահովման հարցում:

Ադրբեջանն արդեն 7 տարի 7 խողովակաշարով գազ է մատակարարում համաշխարհային շուկա: Մեր պաշարներին բավական չեն տարածաշրջանային շուկաները, մենք դուրս ենք գալիս համաշխարհային շուկաներ: «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը մեծապես կախված է «Շահ Դենիզ» հանքավայրից:

Ադրբեջանը շահագրգռված է իր գազը Եվրոպա հասցնող նախագծերի իրագործմամբ: Մենք չէինք կարող թույլ տալ, որ «Հարավային գազային միջանցքը» մնար որպես պարզապես գաղափար: Մենք շատ ջանքեր գործադրեցինք՝ իրագործելու համար «Անդրանատոլիական» գազատարը (TANAP):

2012 թվականին Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրեցին համաձայնագիրը, և արդեն իսկ մեկնարկել են գործնական աշխատանքները: Ես ուրախ եմ, որ BP-ը գնել է TANAP-ի բաժնետոմսերը: TANAP-ը մեծ դեր է խաղում «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործման հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս