Առաջացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման անհրաժեշտություն. Բուրկհալտեր
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մենք գիտենք, որ մի քանի ամսում անհնար է փոխել ամեն ինչ, լուծել բոլոր հարցերը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ հակամարտության կարգավորումը ժամանակ է պահանջում: Մենք վստահ ենք, որ պետք է քայլ առ քայլ գնանք դեպի խաղաղություն:
Իսկ դա նշանակում է, որ մենք քարոզում ենք երկու հիմնական հարց: Առաջինը՝ մենք քարոզում ենք երկխոսության ինտենսիվացում: Երկխոսությունն արդեն իսկ տեղի է ունեցել, սակայն առաջացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև նոր հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն:
Առաջարկվել է այդ հանդիպումն անցկացնել Փարիզում, մենք նույնպես աջակցել ենք դրան: Մենք հանդես ենք գալիս այդ հանդիպումը մոտ ապագայում անցկացնելու օգտին: Դա պետք է հիմք դնի բանակցությունների նոր փուլի սկսմանը:
Մյուս կողմից դա կարող է վերածվել կառուցվածքային բանակցային գործընթացի, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրին: Բանակցային այդ գործընթացը պետք է ընթանա Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Երկրորդ հիմնական հարցը, որը քարոզում է Շվեյցարիան, հրադադարի ռեժիմի ուժեղացումն է»: