«Հարկային մուտքերը չպետք է լինեն գների բարձրացման հաշվին». Հրաչ Բերբերյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելով՝ նշեց, որ կոնկրետ քայլեր են իրականացվելու գյուղատնտեսության ոլորտում: «Գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ քայլեր են կատարվելու: Մենք փորձելու ենք գյուղատնտեսական վարկերի սուբիսդավորումն ավելացնել, որպեսզի գյուղացին կարողանա ավելի քիչ տոկոսներով վարկ վերցնել»,- ասել է նա:
Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ դիմելով գյուղացիներին՝ նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է:
Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է Հ. Աբրահամյանը: Անդրադառնալով ցրտահարության պատճառած վնասներին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:
Գյուղացիների հետ զրույցում անդրադառնալով կառավարության առաջիկա ծրագրերին՝ ասել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է նաև գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը: Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչների հետ զրույցում Հ. Աբրահամյանը խոստացել էր կառավարության անդամներին հանձնարարել՝ քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
168.am-ը ՀՀ կառավարության նոր ծրագրի և վարչապետի խոստումների հետ կապված որոշ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:
– Մայիսի 20-ին վարչապետը հայտարարել էր, որ գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ քայլեր են կատարվելու: Որո՞նք են լինելու այդ քայլերը:
– Մենք ասում ենք, չէ՞, որ հարյուր օր որևէ կարծիք չենք հայտնելու, մինչև իրականում չտեսնենք… Վերջին 20 տարիների ընթացքում՝ տարբեր նախարարների օրոք, գյուղատնտեսության զարգացման 52-ից ավելի ծրագիր է գրվել: Կարևորն այն է, որ այդ ծրագրերը կատարվեն: Դրա համար, արդյոք նոր գրված ծրագրի մասին, որն Ազգային ժողովում քննարկվել է և հաստատվել է, խոսելը բարոյակա՞ն կլինի:
Կարծում եմ, որ վարչապետն իր խոսքի տեր անձնավորություն է: Եթե վարչապետն ասել է, կարծում եմ, որ աշնանը կերևան այդ քայլերը: Մենք ծրագրի մասին կարծիք կհայտնենք, երբ աշնանը կտեսնենք դրա ծիլերը: Ծրագրում նախատեսված դրույթները բարետեսական են: Բարի ոգի ունեն իրենց մեջ: Այսօր շատ կարևոր են այն քայլերը, որ պետք է իրականացվեն: Սա կապված է սուբսիդիաների, վարկային ծրագրերի հետ: Ընդհանրապես աշխարհում գրված մի ծրագիր ցույց տվեք, որը վատ ծրագիր եղած լինի: Բոլոր ծրագրերն էլ, հավատացեք, լավն են, կատարողներն են վատը:
– Օրերս Դուք ասել եք, որ վարչապետ-գործարարներ հանդիպումից հետո շուկայում արհեստական թանկացումներ են նկատվում:
– Մենք մտավախություն ունենք՝ ալյուրի գնից ելնելով, որովհետև երկու օրվա ընթացքում գինն 8 տոկոսով թանկացել է: Չակերտավոր գործարարները կփորձեն ազգաբնակչության հաշվին (ալյուրի օրինակն ունենք), ապրանքները թանկացնելու հաշվին հարկերի մուտքերն ավելացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը շատ դիպուկ ասել է, որ խոսքը գնում է ստվերային տնտեսության մասին, այլ ոչ թե գների բարձրացման: Շատ կարևոր է, որ կառավարությունը հետևողական լինի, որ այդ հարկային մուտքերը չլինեն գների բարձրացման հաշվին, և, իրոք, հարկային դաշտում պետք է բարվոք վիճակ ստեղծվի: Վարչապետը հստակ ասել է, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք խուսափում են հարկային դաշտից, պետք է նրանց բերել հարկային դաշտ:
– Ինչպե՞ս կարող է կառավարությունը կանգնել գյուղացու կողքին:
– Այստեղ շատ կարևոր է ասել, որ այն չնչին գումարները, որոնք պետությունը հատկացնում է գյուղատնտեսությանը, պետք է էֆեկտիվ ծախսվեին: Ծրագիրն էֆեկտիվ է դառնում այն ժամանակ, երբ շահույթ է բերում բնագավառին: Սրա մասին է խոսքը: Տարեցտարի մենք անում ենք արհեստական սերմնավորում, բայց զարմանում ենք, որ կաթի փոշի ենք ներկրում:
– Փաստորեն, Ձեր կարծիքով՝ ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ գումարները ճիշտ չե՞ն ծախսվում կամ չե՞ն տնտեսվում:
– Իհա՛րկե: Տեսեք, մենք ունենք լուրջ հարցեր, որոնք անտեսում ենք, և փոխարենը, օրինակ, կարող ենք լուրջ գումարներ ծախսել հանրապետություն մի երգչուհի հրավիրելու համար: Մինչդեռ այդ գումարի դիմաց կարող էինք 5 հատ տրակտոր նվիրել մի գյուղի: Սրա մասին է խոսքը. արդյո՞ք մենք լավ տնտեսվար ենք: