Համլետ Հարությունյան. Բայց ի՞նչ կապ կարող է Լեռնային Ղարաբաղը ունենալ Մաքսային միության հետ
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը որևէ վտանգ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը և դրանից երկու օր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին` Համլետ Հարությունյանը նշեց, որ ինքն ավելի տեղին և լավ, քան նախագահն ասաց, չի կարող պատասխանել Նազարբաևին, որևիցէ վտանգ չի տեսնում, և կարծում է, որ Հայաստանը կստորագրի այդ համաձայնագիրը:
«Իսկ Նազարբաևի արածն ուղղակի գեղեցիկ չէր: Սա ոչ միայն ես եմ ասում, այլ դա ողջ առաջադեմ հասարակության կարծիքն է»,- ավելացրեց հանրապետական պատգամավորը:
2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանությունները, որպես այդ որոշումն արդարացնող գլխավոր փաստարկ, առաջ էին քաշում ոչ թե տնտեսությանը, այլ քաղաքականությանը և հատկապես անվտանգությանը վերաբերող հարցեր, և, բնականաբար, բոլորը, անվտանգություն ասելով, առաջին հերթին հասկանում էին Լեռնային Ղարաբաղը:
Սակայն այժմ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը կապ չունի Մաքսային միության հետ, և ղարաբաղյան հարցը Մաքսային միությունում չի լուծվելու: Այդ դեպքում ինչո՞ւ է ընդհանրապես Հայաստանն անդամակցում այդ կառույցին:
Պատասխանելով մեր այս դիտարկմանը` Համլետ Հարությունյանն ասաց. «Բայց ի՞նչ կապ կարող է Լեռնային Ղարաբաղը ունենալ Մաքսային միության հետ: Իշխանությունները նման բան չէին ասում, իշխանություններն ասում էին, որ դա ձեռնտու կլինի Լեռնային Ղարաբաղի համար: Նախագահը նույնն ասաց երկու օր առաջ: Այո´, եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, դա ձեռնտու է և շահավետ Լեռնային Ղարաբաղի համար: Բայց ոչ ոք երբեք չի ասել, որ եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, ապա ԼՂՀ-ն էլ ավտոմատ կդառնա անդամ»:
Իսկ եթե Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման անցկացվի, ինչո՞վ դա շահավետ կլինի Լեռնային Ղարաբաղի համար: Ի պատասխան այս հարցին` պարոն Հարությունյանն ասաց, որ դա մասնագիտական հարց է, որը պետք է ուղղել համապատասխան մարմիններին:
Արամ Սարգսյան