Աղասի Ենոքյան. «Սերժ Սարգսյանն էլ կարող է գրպանից հանել իր ընկեր Պետրո Պորոշենկոյի նամակը…»

Հարցազրույց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

– Աստանայի նիստից երկու օր անց` մայիսի 31-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության երիտասարդների հետ հանդիպմանը, ի վերջո, անդրադարձավ Ղազախստանի Նախագահ Նազարբաևի հայտարարությանը` նշելով, որ Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում, և «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»: Որքանո՞վ եք համաձայն Սերժ Սարգսյանի հետ:

– Բացարձակ համաձայն չեմ:

– Ինչո՞ւ:

Կարդացեք նաև

– Որովհետև էլ ի՞նչ վնաս մեզ համար պետք է լինի: Մենք ենթադրում էինք, որ այդ ձևաչափում Ռուսաստանի միջնորդությամբ պետք է լուծվի ղարաբաղյան հարցը: Եթե ցույց է տրվում, որ այդ ձևաչափով առավել ևս լուծում չկա, էլ ի՞նչ վնաս չկա: Վերջին տարիների մեր արտաքին քաղաքականության ողջ հույսը դրել էինք հենց դրա վրա, և Հայաստանի քաղաքականությունն այդ ուղղությամբ էինք տանում, հետո պարզվեց, որ այդ ամենը կեղծ է, դրանից ավելի էլ ի՞նչ վնաս պետք է լինի:

– Բայց Սերժ Սարգսյանն, ըստ էության, ասում է, որ ղարաբաղյան հարցի լուծման համար կա Մինսկի խումբ, որը զբաղվում է այդ խնդրով, և միամտություն է կարծելը, թե այս կամ այն միությանը անդամակցելով` կարելի է լուծել ղարաբաղյան հարցը:

– Այդ դեպքում ինչո՞ւ ենք միանում այդ կառույցին: Մեզ անընդհատ ասում էին, որ այդ կառույցին միանալու հիմնական խնդիրն անվտանգության հարցերը լուծելն է, այդպես չէ՞: Բացի այն, որ այդ մասին Մաքսային միությունը չէր ասել, Հայաստանում անընդհատ շրջանառվում էր այդ միտքը: Մենք տեսնում ենք, որ տնտեսապես Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) շահավետ չէ, քաղաքակրթական առումով էլ դա մեզ տանում է դեպի փակուղի: Եվ ուրեմն, մնում էր միայն անվտանգության հարցը, որի համար մենք միանում ենք այդ կառույցին: Հիմա այդ կառույցին միանալը լրիվ անիմաստ է դառնում:

– Այսինքն` Դուք նկատի ունեք անվտանգության մասին այն փաստարկները, որոնք սեպտեմբերի 3-ից հետո անընդհատ բերում էին իշխանությունները:

– Այո´, այո´:

– Իսկ ի՞նչ է փոխվել հիմա:

– Հիմա փոխվել է այն, որ այդ կառույցն անվտանգության հարց չի լուծում, ավելին` անվտանգության նոր սպառնալիքներ է առաջացնում: Այսինքն` այդ կառույցն ինքը դնում է Ղարաբաղի հարցում իր խոսքն ունենալու անհրաժեշտությունը:

– Ձեր կարծիքով` Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման կլինի՞:

– Ես կարծում եմ, որ մաքսային սահման, այնուամենայնին, չի լինի, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանը լիարժեքորեն չի միանա այդ կառույցին, այլ կմիանա, այսպես ասած, կրտսեր եղբոր կարգավիճակով` ինչ-որ մի աղճատված պայմանագրով: Տնային առաջադրանքը, որ Աստանայում տվել էին Հայաստանի ղեկավարությանը` մինչև հուլիս մշակել նոր պայմանագիր, այդպիսի մի տարբերակ կգտնեն: Բայց, փաստորեն, ի՞նչ է ստացվում, որ, առաջինը, եթե անգամ այդ կառույցը կարող էր ինչ-որ ենթադրական օգուտներ տալ Հայաստանին, դրանից չենք օգտվելու, քանի որ լիարժեք անդամ չենք լինելու, և ամենակարևորը` թեկուզ այդ ձևով այդ կառույցին անդամակցելը մեր առջև փակելու է դեպի Եվրոպա ինտեգրացիոն ճանապարհը:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ Նազարբաևը հրապարակայնորեն խոսեց սահմանների հարցի մասին: Տարբերակ առաջին` նա խոսեց բացահայտ, որպեսզի իր ընկերոջը` Ադրբեջանի նախագահին ցույց տա, որ փորձում է լուծել այս հարցը, երկրորդը` նա հրապարակայնացրեց, որպեսզի Հայաստանը չխուսափի այդ հարցի արծարծումից, և երրորդը` Ղազախստանը և Բելառուսն ունեն տնտեսական հարցեր, ասենք` Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ չլինելու դեպքում երրորդ երկրից (օրինակ` Իրանից) ցածր մաքսատուրքերով ԼՂՀ-ում հայտնված ապրանքը Հայաստանի միջոցով կարող է ավելի ցածր գներով ներթափանցել եվրասիական շուկա, ինչը ձեռնտու չէ Ղազախստանին կամ Բելառուսին:

– Ես բացառում եմ, որ դա ինչ-որ տնտեսական հարց է: Սա հիմնականում քաղաքական հարց է այն առումով, որ, առաջին հերթին, Հայաստանին ցույց տան իր տեղը, Հայաստանին ցույց տան, որ ինքն, այնուամենայնիվ, կրտսեր եղբոր կարգավիճակով է մտնում Եվրասիական միություն: Ինչ վերաբերում է Նազարբաևի հայտարարությանը, դա, իհարկե, դիվանագիտական էթիկայի բոլոր տեսակի կանոնների խախտում էր, որովհետև այդպիսի հարցը բաց քննարկան ժամանակ, լրագրողների ներկայությամբ դնելը պարզապես վիրավորական է: Դա պարզապես անարգանք էր:

– Միության անդամները հետագայում կշարունակե՞ն Հայաստանի առջև դնել Ղազախստանի պայմանը:

– Ժամանակ առ ժամանակ առաջ կքաշեն: Մի բան էլ ավելացնեմ: Այն, որ Նազարբաևն է այդ հարցին անդրադարձել, զուտ խորհրդանշական բնույթ ունի: Իրականում այդ հարցը բարձրացրել է Ռուսաստանը, որովհետև Պուտինը որևէ կերպ չարձագանքեց դրան և չասաց` գիտեք ինչ, ես Մինսկի խմբի անդամ եմ, թողեք, ես այդ հարցը լուծում եմ: Դա նշանակում է, որ այդ հարցը Ռուսաստանն է բարձրացրել, և առավել վիրավորական է, որ այդ հարցը բարձրացրել է Ղազախտանի նախագահի շուրթերով:

– Կա կարծիք, որ մենք պետք է օգտվենք այս առիթից և բարձրացնենք Ղրիմի հարցը այն իմաստով, որ եթե Ռուսաստանը ԵՏՄ-ին է միացնում Ղրիմը, ապա Լեռնային Ղարաբաղը նույնպես պետք է միանա: Մենք կարո՞ղ ենք օգտվել այս իրավիճակից:

– Իհարկե կարող ենք օգտվել, բայց դրա հետևանքով ո´չ Ղարաբաղը կմիանա ԵՏՄ-ին, ո´չ էլ Ղրիմը դուրս կգա այդ կառույցից: Պարզապես դրանով մենք ցույց կտանք, որ մենք էլ ունենք դիվանագիտական քննարկման լծակներ, և Սերժ Սարգսյանն էլ կարող է գրպանից հանել իր ընկեր Պետրո Պորոշենկոյի նամակը, ով բարձրացնում է Ղրիմի հարցը:

– Այպիսով, ի՞նչ տարբերակով Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին:

– Ինչպես նշեցի, ըստ իս` Հայաստանը կանդամակցի աղճատված տարբերակով, այսինքն` որպես երկրորդական անդամ, բայց կլուծվի երկու հիմնական խնդիր, որն իր առջև դնում է Ռուսաստանը: Առաջինը, Հայաստանը զերծ կմնա եվրոպական ինտեգրացիոն գործընթացներից, և երկրորդը` Հայաստանը կլինի այն երկրների ցուցակում, որոնց Ռուսաստանը կարող է ներկայացնել աշխարհին` ասելով, թե տեսեք, սրանք էլ իմ դաշնակիցներն են:

– Այսինքն` սեպտեմբերի 3-ի որոշումն ավելի շատ «ոչ» էր Եվրամիությանը, քան «այո» ԵՏՄ-ին:

– Այո´, այո´: Միանշանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս