
Ուկրաինայում ու արտերկրում կալանք է դրվել Յանուկովիչի ու նրա ընտանիքի գրեթե ողջ ունեցվածքի վրա

Podrobnosti.ua-ի փոխանցմամբ` Ուկրաինայում կալանք է դրվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա ընտանիքի ողջ ունեցվածքի վրա: Բացի այդ, կալանքի տակ են դրվել քաղաքական գործչի արտասահմանյան զգալի ակտիվներ: Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին.
«Այսօրվա դրությամբ ես չեմ կարող հրապարակել այդ թվերը, սակայն դրանք բավական մեծ են»: Նա հավելել է, որ շարունակվում են արտերկրում ուկրաինացի նախկին պաշտոնյաների ակտիվները սառեցնելու ուղղությամբ աշխատանքները:
Հիշեցնենք, որ շվեյցարական դատախազությունն արգելափակել էր մոտ 170 միլիոն շվեյցարական ֆրանկ (193 միլիոն դոլար), որոնք պատկանում են Յանուկովիչի ընտանիքին: Հետաքննությամբ զբաղվում է միջազգային հանձնաժողովը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինացի փախստական պաշտոնյաներն իրենց հետ Ռուսաստան են տեղափոխել 32-100 միլիարդ դոլար` կանխիկ: