
Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է տվել

Apsny Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է տվել: Նա հայտարարել է, որ տվյալ քայլին գնացել է երկրում կայունություն պահպանելու նպատակով` համաձայն Սահմանադրության 65-րդ հոդվածի:
Անկվաբը բոլորին կոչ է արել հանդարտության, քաղաքացիական խաղաղության պահպանման և նորմալ իրավիճակում նոր ընտրություններ անցկացնելու: Անկվաբը հիշեցրել է, որ ընդդիմությունը մայիսի 27-ին հանրահավաք է անցկացրել, ինչից հետո գրավել է նախագահի աշխատակազմի, կառավարության ու պետական հեռուստատեսության շենքերը, որոնք ցայժմ գտնվում են նրա ձեռքում:
Անկվաբի խոսքերով` իշխանությունները փորձել են բանակցել ընդդիմության հետ, սակայն չեն կարողացել գալ փոխզիջման: Անկվաբն ընդգծել է, որ իր համար ամենագլխավորը քաղաքացիական խաղաղության պահպանումն է և արյունահեղություն թույլ չտալը:
Անկվաբը հավելել է, որ Աբխազիայի սահմանադրությանն ու օրենսդրությանը չի համապատասխանում խորհդարանի նախագահի մայիսի 31-ի որոշումը` կապված Վալերի Բգանբային նախագահի պաշտոնակատար նշանակելու հետ: Անկվաբը ստեղծված իրավիճակում միակ քաղաքական ընդունելի, թեև ոչ իրավական որոշում է համարում օգոստոսի 24-ին վաղաժամ նախագահական ընտրություններ նշանակելը: