
Պելեի որդուն դատապարտել են մինչև 33 տարվա ազատազրկման

Globo մեդիակորպորացիայի փոխանցմամբ` «Սանթոս» ակումբի նախկին դարպասապահ Էդսոն Չոլբի Նասիմենտուն, ով բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Պելեի որդին է, դատապարտվել է մինչև 33 տարվա ազատազրկման` թմրավաճառությունից ստացված «փողերը լվանալու» համար:
Նասիմենտուն իրավունք ունի բողոքարկել դատավճիռը: Դարպասապահը ստիպված է եղել սպորտին հրաժեշտ տալ 29 տարեկանում, այն բանից հետո, ինչ նրան դատապարտեցին վեցամսյա ազատազրկման` փողոցային մրցարշավի մասնակցելու համար, ինչի հետևանքով վթարի էր ենթարկվել մի մոտոցիկլավար:
2005 թվականին նրան կալանավորել են կոկայինի առևտուր ծավալելու համար, սակայն 2006 թվականին Նասիմենտուն հայտնվել էր ազատության մեջ: Պելեն աշխարհի եռակի չեմպիոն է, ՖԻՖԱ-ի վարկածով` 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը: Նա հանդես է եկել «Սանթոս» ու «Նյու Յորք» ակումբներում: Պելեն Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 92 խաղ և խփել է 77 գոլ: