
Ռուսաստանն ստանձնել է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն այսօր ստանձնել է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը` փոխարինելով Հարավային Կորեային, ով ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը մեկ ամսով ստանձնել էր այս տարվա մայիսին:
Ռուսաստանն իր հերթին մեկ ամիս անց ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը կզիջի Ռուանդային: ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ հունիսին ՄԱԿ ԱԽ-ի գրաֆիկը կլինի շատ լարված.
«Մեծ ուշադրություն է հատկացվելու Մերձավոր Արևելքին, մենք քննարկելու ենք մերձավորարևելյան կարգավորումը, Եմենում, Լիբիայում տիրող իրավիճակը, Սիրիայի քիմիական զենքի դուրս բերման գործընթացը, այդ երկրում հումանիտար իրավիճակը»:
Չուրկինի խոսքերով` հունիսին նիստ կանցկացվի Աֆղանստանի հարցով, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կնվիրվեն աֆրիկյան թեմաներին, այդ թվում նաև Մալիում ու Կոտ դԻվուարում, Սահարա-Սահելյան տարածաշրջանում տիրող իրավիճակին: Քննարկվելու է նաև Սուդանի ու Հարավային Սուդանի խնդրահարույց փոխհարաբերությունների հարցը:
Հունիսին դեռ նախատեսված չեն առանձին հանդիպումներ Ուկրաինայի վերաբերյալ, սակայն Չուրկինը չի բացառել, որ կլինեն նման հանդիպումներ` ընդգծելով, որ ՄԱԿ ԱԽ-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հանդես գալ նման նիստ անցկացնելու առաջարկով: