
Եվրախորհրդարանի ընտրությունների գլխավոր հաղթողը Վլադիմիր Պուտինն է. Die Welt

Մայիսի 27-ին գերմանական Die Welt թերթում հրապարակվել է բրիտանացի մեկնաբան Լորդ Վայդենֆելդի «Պուտինը եվրոպական ընտրությունների հաղթողն է» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով գլխավոր հաղթող դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուր էլ որ նայում ես, տեսնում ես, որ Ռուսաստանն աշխարհում ամենուրեք մեծացրել է իր ազդեցությունը:
Այն, որ Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթեցին աջերը, նշանակում է «եվրոպական արժեքներից հեռացում»: Այդպիսի ճգնաժամը ձեռնտու է իր ուժերի վրա վստահ Վլադիմիր Պուտինին, ով այժմ կարող է վստահաբար ամրապնդել Արևելյան Եվրոպայում ռուսական դիրքերը:
Ավելի վաղ Պուտինն ապահովել է քիմիական զենքից Սիրիայի հրաժարվելը, ինչը նպաստում է Բաշար Ասադի հաղթանակին: Իրանի հարցում Պուտինը խաղացել է «խաղաղության սուրհանդակի դեր» և թուլացրել է տնտեսական պատժամիջոցների գործունեությունը:
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն ու նավթագազային պայմանագրերը խզելու մասին նրա սպառնալիքները հատուկ արդյունք չտվեցին: Չինաստանի հետ 290 միլիարդ դոլարի գազային պայմանագիրն իսկապես հաջող քայլ էր Ռուսաստանի կողմից, որը մթագնեց անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ասիական շրջագայությունը: Ռուսաստանին տասնամյակներով ապահովելով վիթխարի շուկայով՝ Պուտինը կարող է ավելի ազատորեն բանակցել Արևմուտքի հետ:
Արևմուտքն ու Ռուսաստանը դեռ կարող են վերականգնել «մաքուր, խաղաղ հարաբերությունները»՝ չնայած Արևմուտքում պատերազմից հոգնելուն ու Կրեմլի ռազմաշունչ ժեստերին: Դրա համար կողմերին անհրաժեշտ է «խաղաքարտերը դնել սեղանին» և բաց քննարկել ինչպես Ռուսաստանի շահերը, այնպես էլ Արևելյան Եվրոպայի ու Մերձբալթիկայի երկրների մտավախությունները: Նման բանակցությունները կարող են տեղի ունենալ Բեռլինում՝ Բեռլինի կոնգրեսի նման»:
Չորս օր տևած Եվրախորհրդարանի ընտրություններն ավարտվեցին ավանդական արժեքները պահպանող կուսակցությունների տրիումֆով: Ֆրանսիայում առաջին տեղը բաժին ընկավ Մարին Լե Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությանը, ԵՄ-ի հակառակորդներն ուժգին արդյունքներ գրանցեցին Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում, Նիդերլանդներում ու Հունգարիայում: