
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Գեզի» այգու միամյակին նվիրված բողոքի ակցիայի 120 մասնակցի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Ստամբուլի ոստիկանությունը երեկ ցրել է «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների մեկնարկի միամյակի կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիան: Ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 4 ոստիկան:
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 120 մարդու: Ոստիկանությունը նախապես փակել էր «Գեզի» այգու մուտքը, ուր նախորդ տարվա մայիսի 31-ին սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ: Դրա հետ կապված` մոտակա քաղաքից Ստամբուլ են բերվել հավելյալ թվով ոստիկաններ:
Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն հայտարարել էր, որ Ստամբուլի իշխանություններն ակտիվիստների խմբերին թույլ չի տա ապօրինի ակցիաներ անցկացնել քաղաքի կենտրոնում և կիրառելու է ուժային միջոցներ: Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Թուրքիայի այլ քաղաքներում: