
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում ՀԱՊԿ միացյալ շտաբում

Մայիսի 29-ին Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կայացավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը մասնակցեցին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար մարմնի, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության բարձաստիճան ներկայացուցիչները և ՀԱՊԿ միացյալ շտաբի ողջ անձնակազմը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչ Առաքել Մարտիկյանը, ով իր խոսքում անդրադարձավ օրվա խորհրդին Հայոց պետականության պատմության մեջ` խոսելով պատմական առանցքային հերոսամարտերի, Հայրենական պատերազմում Հայաստանի նշանակալի ավանդի մասին, ինչպես նաև ներկայացրելով Հայոց բանակի կազմավորման ճանապարհը:
Ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ստուդինիկինը, ով իր խոսքում շնորհավորեց Առաջին Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաև ընդգծեց ՀՀ բացառիկ կարևոր դերը ՀԱՊԿ շրջանակներում:
Շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հնչեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի և ՀԱՊԿ անդամ երկրների Զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:
Միջոցառմանը ցուցադրվեց ՀԱՊԿ միացյալ շտաբում ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կողմից պատրաստված «Նոյից մինչև մեր օրերը» խորագրով վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացվում են հայոց պատմության առանցքային իրադարձությունները պատմագրական հերթականությամբ` մինչև մեր օրեր` ներառելով արցախյան հերոսամարտի ժամանակահատվածն ու բանակաշինության գործընթացը նորանկախ Հայաստանում:
Տոնական միջոցառումը շարունակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ գործող կիրակնօրյա դպրոցի «Ակունք» ազգային-երաժշտական համույթի կատարումներով:
ՀՀ ԱԳՆ