Ի սկզբանե պարզ էր, որ Նազարբաևն իրականացնում է Ադրբեջանի և Թուրքիայի լոբբինգը. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար երեկ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարքն անակնկալ չի եղել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Ռուստամյանը, Ղազախստանը միշտ հանդես է եկել որպես Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպան, և ի սկզբանե պարզ էր, որ Նազարբաևն իրականացնում է նրանց լոբբինգը: Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը դուրս է ինտեգրացիոն այս գործընթացից և ամեն ինչ անելու է, որպեսզի խոչընդոտներ ստեղծի Հայաստանի համար, որը Եվրասիական միությանն անդամակցելով կարող է ամրապնդել իր դիրքերը: Նրա կարծիքով՝ որքան մոտենա և իրական դառնա Հայաստանի լիիրավ անդամ դառնալու հարցը, այնքան Ադրբեջանի արձագանքները սրվելու են:
«Դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքել, որ ստացվի՝ տեղը դրեցիր»,- տարակուսեց Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում պատասխաներ Ղազախստանի նախագահ Նազարբաևին: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ առջևում պատասխանելու առիթներ դեռ կլինեն: Ըստ նրա՝ Սարգսյանի լռությունը ոչ մի կերպ չի կարող միջազգային հանրության կողմից ընդունվել որպես համաձայնության նշան, հատկապես որ Նազարբաևը միջնորդավորված է խոսում և անձամբ իր տեսակետները չի ներկայացնում: Ռուստամյանի գնահատականով՝ հեռվից նամակների միջոցով ներկայացվող առաջարկները ոչ մի կերպ չեն տեղավորվում միջազգային պրակտիկայի նորմերի մեջ, իսկ եթե ՀՀ-ն առաջնորդվեր Ալիևի տրամաբանությամբ, ապա վաղուց պետք է մաքսակետ դրած լիներ ԼՂՀ և ՀՀ միջև:
Ըստ Ռուստամյանի՝ Հայաստանն ընդհանրապես կարող է հրաժարվել որևէ միության, լինի դա Եվրոպական, թե Մաքսային, անդամակցելու գաղափարից, եթե հարցը խիստ դրվի. «Ով Ղարաբաղը ճանաչի, պատրաստ ենք այդ միության մեջ լինել՝ անկախ նրանից, որ մի բան էլ տնտեսական առումով կկորցնենք, որովհետև հակառակ դեպքում մենք կկորցնենք ավելի կարևոր մի բան, որը մենք կորցնել չենք կարող»: Ռուստամյանը հերքեց, որ որևէ իշխանություն կհամաձայնի առանց Ղարաբաղի մտնել Եվրասիական միություն: