Պարգևատրվել են «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պատվոգրեր և մրցանակներ են հանձնել «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին:Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ շարադրությունների հանրապետական մրցույթը հայտարարվել է զինադադարի 20-ամյակի առթիվ, որին մասնակցել են աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերի և մայրաքաղաքի դպրոցներից:

«Ուստի խորհրդանշական է, որ դպրոցականների պարգևատրման արարողությունն անցկացվում է ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Խաղաղության, պատերազմի և հաղթանակի խորհուրդը այստեղ լավագույնս է միահյուսված,- նշել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ միջոցառման իրականացմանը աջակցություն է ցուցաբերել պաշտպանության նախարարությունը:

«Կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարությունների միջև սերտ համագործակցություն կա, ուսանողների և աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերում:

Մեր ջանքերն համատեղված են ընդհանուր նպատակի շուրջ՝ սերմանելու և որպես անհերքելի արժեքներ նրանց մեջ ամրապնդելու հայրենապաշտությունն ու գնահատանքը հայոց բանակի նկատմամբ, որը խաղաղության գլխավոր երաշխավորն է:

Ամփոփելով «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթը, ուզում եմ մի ուրախալի փաստ արձանագրել. այս մրցույթին դպրոցականների մասնակցության աննախադեպ ակտիվություն է եղել, մենք ստացել ենք մի քանի անգամ ավելի շատ մրցութային շարադրությունների հայտեր, քան սովորաբար ստանում ենք դպրոցական այս կարգի մրցույթների ընթացքում:

Սա նշանակում է, որ թեման մեր դպրոցականների համար սրտամոտ և հոգեհարազատ է եղել: Ես վստահ եմ՝ հայ աշակարտները սիրում են և նվիրված են իրենց հայրենիքին, գիտակցում են, որ միայն ուշիմ, հայրենասեր և նպատակասլաց լինելով է հնարավոր, պատերազմով նվաճված այս խաղաղությունը դարձնել հարատև և միայն խաղաղության պայմաններում է հնարավոր կառուցել ուժեղ և ամուր պետություն»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շարադրության մրցույթի հաղթողներին, շեշտել է, որ 20 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրից հետո միայն հայոց բանակի պատրաստվածությունն է ապահովում հակառակորդի զսպումը և համապատասխան ուժի չկիրառումը. «Մեր անվտանգության գլխավոր երաշխավորը զինված ուժերն են՝ հայկական բանակը: Սակայն ուժ ասելով մենք նկատի չունենք միայն զինվորին և մեր բանակի սպառազինության մակարդակը:

Այսօրվա շարադրության մրցույթը գալիս է ապացուցելու, որ ուժ ասելով մենք պետք է հասկանանք նաև մեր պետության մնացած ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, արտաքին քաղաքականություն: Կրթության և գիտության ոլորտի հետ մենք երկարատև համագործակցության փորձ ունենք, մենք կարևորում ենք գիտելիքահեն ներուժի կիրառումը նաև պաշտպանության ոլորտում և վստահ ենք, որ շատ հզոր ուժ է նաև գիտելիքը»,- նշել է Ս. Օհանյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն ճանաչված 20 շարադրությունների հեղինակները պատվոգրեր և մրցանակներ են ստացել ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ ՊՆ-ի անունից, ինչպես նաև նախարարներ Ա. Աշոտյանի և Ս. Օհանյանի նախաձեռնությամբ հաղթող աշակարտներն ամռանը եռօրյա հանգիստ կանցկացնեն Արցախում և հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական երկրորդ պետության պատմությանն ու մշակույթին, հայրենիքը պաշտպանող զինվորների առօրյային:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս