Բաժիններ՝

Մենք երազում ենք, միասին

Մենք, այս տեքստի ներքոստորագրյալներս, երազում ենք համատեղ հայերի և թուրքերի միջև խաղաղության ժամանակաշրջանի մասին, որը բացվում է այս երկու ժողովուրդներից յուրաքանչյուրի պատմության մեջ:

Թուրքական Հանրապետության քաղաքական մշակույթը չափազանց երկար ժամանակ ուզեց թաքցնել հիմնական հանցանքը` արգելափակելով մուտքը դեպի անցյալ՝ դրանով իսկ կանխելով հաստատուն իրավական պետության կառուցումը: Բայց ոչ ոք իրավասու չէ ջնջելու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ 1915 թվականին, ոչ էլ նրա հետևանքները: Արդեն տասը տարի է, որ ի հայտ են գալիս անհատական ազդեցիկ նախաձեռնություններ բազում բնագավառներում. գիտական ուսումնասիրություններ, մշակութային միջոցառումներ, հուշարձանների վերականգնումներ, ծագման հետ կապված անձնական որոնումներ, հանրահավաքներ՝ ի նշան հիշողության:

Հնարավոր է լրջորեն, անկեղծորեն և հետևողականորեն ձեռնամուխ լինել հիշողության գործին՝ մասամբ փոխհատուցելու այն, ինչն ավերվել էր, օգնելով նրանց, ովքեր վիթխարի մեղքի զոհ դարձան՝ ճանաչելով հատուկ մի իրավունք: Հիշողության և կյանքի թելերը սկսեցին միավորվել: Մեր կամքը այս նախաձեռնությունները դարձնում է երկարատև և ենթադրում է, որ թուրքական պետությունը ոչ միայն չի խանգարի, այլև մասնակից կլինի դրան:

Հարյուր տարի անց, սփյուռքի հայերը դյուրագրգիռ են՝ ստիպված լինելով կրկնելու պատմության վերաբերյալ արհեստածին բանավեճը, բայց միևնույն ժամանակ տանջալից է նրանց ցանկությունը՝ տեսնելու այն երկիրը, որի ծնունդ են իրենք, և ցույց տալ իրենց զավակներին: Այսօրվա Թուրքիան արգելք չի դնում դրանում, սակայն ճշմարտության՝ պետական մակարդակով արտաբերած մի հատիկ զորեղ բառը թույլ կտար ստեղծելու նոր հարաբերություններ քաղաքների և գյուղերի հետ, որոնց անունները լսելիս անգամ արցունք է գալիս նրանց աչքերից: « Եվ ջուրը նորից դանդաղ, բայց աննկուն կբացի ակոսը»,- ինչպես ասում էր Հրանտ Դինքը:

Ուստի մենք երազում ենք, միասին: Թուրքիայի հիշողությունը՝ վկա նրա պատմություններն ու տեղավայրերը, հարգում է հայ նահատակներին, ընդունելով, որ նրանք ցեղասպանության զոհեր են, մատնացույց անելով անձանց և գաղափարներ, որոնք այդ ամենի պատճառն էին: Նրա պատմության դասագրքերն և փողոցների անվանումները գովաբանում են արդարներին, ովքեր փրկեցին հայերին, ոչ թե նրանց կոտորածի պարագլուխներին և իրականացնողներին: Նա վերադարձնում է Եկեղեցուն և հայկական հիմնադրություններին՝ իրենց պատկանած հուշարձանները: Թուրքերն ու հայերը հպարտանում են այդ ժառանգությամբ:

Մեր երազի մեջ է նաև լրիվ և լիակատար քաղաքացիությունը աշխարհիկ Թուրքական Հանրապետությունում. ոչ մուսուլմանները կարող են պետական պաշտոններ զբաղեցնել, մարդասպանները ի վերջո դատապարտվում են, ատելության պրոպագանդան արգելվում է օրենքով: Հայերն ու թուրքերը գտել են միջոցներն ու ճանապարհը՝ յուրաքանչյուրը յուրովի, ընդունելու մուսուլման հայերին, որոնք ուզում են ապրել այս երկու ինքնությամբ:

Մենք երազում ենք միասին, որ ակոսը հասնի մինչև երիտասարդ, անկախ Հայաստան, որն այսօր պատսպարում է հայկական կյանքի մեծ մասը: Շրջափակումով այն խեղդելու փոխարեն, թուրքական կառավարությունը՝ ականջալուր սահմանակից շրջանի առաջարկներին, բացում է իր սահմանը, օգնում է այդ Հայաստանին՝ ազատվելու մեկուսացումից: Նա հայերին տալիս է արտոնյալ մուտքի իրավունք Սև ծովի նավահանգիստներից, Հայաստանից ոչ հեռու՝ Տրապիզոն, Սամսուն: Ապա նաև՝ Միջերկրական ծովի նավահանգիստներից, Կիլիկիայի Մերսին կամ Այաս, որը տնտեսական նպատակահարմարությունից զատ, կդառնա միջնադարյան ժառանգության և նոր բազմազգ մշակութային կյանքի լուսաբանման օջախ:

Ի վերջո, խորհրդանշելու համար այդ նոր ժամանակաշրջանը, մենք երազում ենք այն մասին, որ երկրները հոգեպես բաժանեն Արարատ լեռը: Արարատ լեռը դառնում է բնության վիթխարի մի պարտեզ, գրանցված ՅՈՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության համաշխարհային ժառանգության ցանկում, և բաց, իբրև ազատ տարածք, թուրքերի և հայերի երկրների համատեղ տնօրինության ներքո: Մարդկության հայտնության այդ խորհրդանշական վայրը դառնում է աշխարհի փարոսը:

Այս համատեղ երազը իրականացնելու համար, այս տեքստի ներքոստորագրյալներս պատրաստ ենք օգնել ամբողջ աշխարհում այն հայերին, ովքեր ցանկանում են մասնակից դառնալ երթին՝ արտագաղթի ճանապարհներով: 2015 թվականից սկսած նրանք միասին ուխտի կգնան իրենց նախնիների երկիրը՝ վերագտնելու իրենց հիշողությունը և իրենց պատմություն հետքերը:

Ջերարդ Մալխասյան

Ստորագրել են՝

Samim Akgönül, Cengiz Aktar, Gorune Aprikian, Ariane Ascaride, Sibel Asna, Serge Avedikian, Ali Bayramoglu, Marie-Aude Baronian, Varvara Basmadjian, Rosine Boyadjian, Anaîd Donabedian, Denis Donikian, Claire Giudicenti, Nilüfer Göle, Robert Guédiguian, Defne Gürsoy, Ahmet İnsel, Ali Kazancıgil, Jacques Kebadian, Ferhat Kentel, Raymond Kevorkian, Michel Marian, Gerard Malkassian, Umit Metin, Aravni Pamokdjian, Manoug Pamokdjian, Isabelle Ouzounian, Armand Sarian, Betül Tanbay, Gérard Torikian, Serra Yılmaz, Vahram, Martirosyan, Վարդանյան Հռիփսիմե, Վարդանյան Լիլիթ, Հովսեփյան Գոհար, Բաղդասարյան Նվարդ և այլոք…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս