Բարձրադաշտ ՄՌՏ-ի կիրառումն ուռոլոգիայում
Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ուռոլոգիական հիվանդությունների ախտորոշման մեջ դեռևս ավելի փոքր դեր ունի, քան ուլտրաձայնային հետազոտությունը և համակարգչային տոմոգրաֆիան: Սակայն աստիճանաբար այն ավելի մեծ կիրառում է գտնում նորագոյացությունների և այլ ախտահարումների ախտորոշման մեջ (ուռուցքային պրոցեսի փուլի և տարածվածության հստակ ախտորոշում` ըստ TNM դասակարգման): ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է նաև անոթային ախտահարումների ժամանակ` հեմոդինամիկ պրոցեսների գնահատման նպատակով (հունի արագություն, հյուսվածքներում արյան պերֆուզիա և դիֆուզիա):
ՄՌՏ-Շագանակագեղձի քաղցկեղի աճ դեպի միզապարկ
Ուռոլոգիական պրակտիկայում ՄՌՏ-ի միջոցով հստակ կարելի է ախտորոշել և դասակարգել.
- Շագանակագեղձի ախտահարումները (բորբոքում, ուռուցքներ)
- Երիկամի ախտահարումները (ուռուցքներ, բորբոքումներ, կիստաներ, բնածին արատներ, վնասվածքներ, ավազանի ախտահարումեր)
- Միզուղիների զարգացման արատները, նեղացումները և խցանումները
- Կատարել երիկամային զարկերակների անգիոգրաֆիա
ՄՌՏ-ի կիրառումը ուռոլոգ-վիրաբույժներին հնարավորություն է տալիս հաջողությամբ պլանավորել և անցկացնել երիկամների և միզուղիների բնածին օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ զարգացման արատների, ուռուցքների և վնասվածքների վիրահատություններ` խուսափելով վիրահատության ընթացքում թեր-ախտորոշման պատճառով առաջացող չնախատեսված բարդություններից:
ՄՌՏ հետազոտությունը, ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի, անցկացվում է առանց որևէ ճառագայթների կիրառման, հետևաբար` կարելի է կրկնել հետազոտությունը` չվախենալով ճառագայթային ախտահարումներից, որը հատկապես կարևորվում է փոքր կոնքի հետազոտման ժամանակ: Մեթոդի հիմքում ընկած է մագնիսական դաշտում ատոմների միջուկների ռեզոնանսի գրանցումը: Միակ հակացուցումը մագնիսական դաշտի կողմից ձգվող մետաղների առկայությունն է օրգանիզմում` բեկորներ, էլեկտրական սարքեր, կարդիոստիմուլյատորներ, լսողական իմպլանտներ: Ատամնատեխնիկայում կիրառվող մետաղների, ինչպես նաև անոթային կլիպսների և ներանոթային ստենտերի առկայությունը հիմնականում հակացուցում չեն հանդիսանում: Մինչ այժմ չկա ՄՌ հետազոտությունից արձանագրված հավաստի վնաս կամ բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:
ՄՌՏ-ն, ունենալով ամենաբարձր միջհյուսվածքային կոնտրաստը, հնարավորություն է տալիս հստակ տարբերակել անատոմիական կառուցվածքների սահմանները, փոխհարաբերությունը միմյանց նկատմամբ: Դա վիրահատող բժշկին շնորհում է բացառիկ հնարավորություն` նախապես` մինչ վիրահատությունը, հստակ կանխատեսել սպասվող բարդությունները, մշակել վիրահատության տակտիկան, կամ, ծայրահեղ դեպքում, խուսափել որևէ միջամտությունից, որն էլ թույլ է տալիս կտրուկ նվազեցնել բժշկական սխալների քանակը: Ճիշտ ախտորոշման շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը, հետևաբար և` տրավմատիզացիան:
Համաշխարհային ստանդարտներով ուռոլոգիական ախտահարումների ախտորոշման համար արժեքավոր են այնպիսի ՄՌՏ հետազոտությունները, որոնք կատարվել են 1,5 և 3 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆների միջոցով:
Սևան Իրիցյան,
ԿՀՄԻ ԲԱԿ, ՄՌՏ ախտորոշման կենտրոն
www.ldc.am