250 տարում մարդկանց ուղեղն այնքան են լվացել, որ Մաքսային միությունը չընդունողները դարձել են մարգինալ. «Առավոտ»

«Տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակներ ժամանակ առ ժամանակ թվեր են հրապարակում, որտեղ անպայման ի հայտ է գալիս «90 տոկոսը»:

Մենք մասնագիտական սոցիոլոգիական հարցումներին չենք հավատում, քանի որ դրանք մշտապես ջախջախիչ հաղթանակ են կանխատեսում իշխող կուսակցություններին եւ գործող նախագահներին, մինչդեռ էմպիրիկ իրականությունը ցույց է տալիս, որ վերջին 22 տարում նրանց երկրպագուների թիվը Հայաստանում մեծամասնություն չի կազմում»,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.

«Քանի որ գիտական սոցիոլոգիան մեզանում հարգի չէ, մնացած` «տնայնագործական» սոցիոլոգների հետ մենք նույն ձեւով ենք վարվում, մանկական խաղի նման` «հավատում եմ-չեմ հավատում»: Դե, ես էլ փորձեմ այս խաղը խաղալ եւ մի փոքր էլ մեկնաբանեմ, թե ինչու եմ հավատում: Հայաստանցիների 90 տոկոսը դեմ է արագաչափերին: Հավատում եմ:

Որովհետեւ այդ 90 տոկոսը ցանկանում է իրենց մեքենաները քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ ու չտուգանվել: Արագաչափերը կոտրում են իրենց` արագ քշելու «կայֆը», դրա համար էլ այդ 90 տոկոսից առավել հերոսական հակումներ ունեցող մարդիկ, կարելի է ասել` նվիրյալները, կոտրում են արագաչափերը:

Մանր բիզնեսով զբաղվողների 90 տոկոսը դեմ է, որ իրենց ազատեն հարկերից` լիակատար թափանցիկության դիմաց: Հավատում եմ: Որովհետեւ «անթափանցիկության» շնորհիվ նրանք ավելի շատ փող են աշխատում, քան կտնտեսեն հարկեր չվճարելու դեպքում: Հայաստանցիների 90 տոկոսը կողմ է մեր երկրի` Մաքսային միությանը անդամակցելուն: Այ, դրան մի քիչ չեմ հավատում: Կարծում եմ՝ այդ տոկոսն իրականում 95 է: 250 տարում մարդկանց ուղեղն այնքան են լվացել, որ Մաքսային միությունը չընդունողները հիրավի դարձել են մարգինալ: Այս հոդվածը կարդացողների 90 տոկոսը ինձ հետ համաձայն չէ»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս