Արտեմ Ասատրյան. Մեր ցանկությունն է, որ համակարգն ընդունելի լինի մեր քաղաքացիների մեծամասնության համար
Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ
– Պարոն նախարար, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ֆեյսբուքյան խմբում ահազանգեր կան, որ որոշ պետհիմնարկներում աշխատակիցներից չեն ընդունում կուտակային վճարներ չգանձելու վերաբերյալ դիմումները, թեև ԱԺ-ն ընդունել է օրենքը:
– Օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է և պաշտոնական տեղեկագրում կհրապարակվի, որից հետո ուժի մեջ կմտնի: Ստացվում է, որ բոլոր գործատուները, ոչ միայն պետական, օրենքը պաշտոնապես ուժի մեջ մտնելուց հետո, բնականաբար, իրավասություն կունենան օրենքով սահմանված գործողությունններն իրականացնելու:
– Այսինքն, աշխատակիցները դիմումները պետք է ներկայացնեն տեղեկագրում օրենքի հրապարակումից հետո՞:
– Իհարկե, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
– Դիմումները ներկայացնելու հետ կապված տեխնիկական խնդիրները կպարզաբանե՞ք, քանի որ կրկին անհասկանալի հարցեր էին հնչում` ինչպե՞ս ներկայացնել, որ չմերժեն, և այլն:
– Երբ քննարկում էինք խնդիրն ԱԺ-ում, այդ թվում` ոչ իշխանական ուժերի պատգամավորների հետ, մենք օրենքի նախագծի նախնական տարբերակում ունեինք դրույթ, որ կառավարությանը վերապահեինք կարգ սահմանելու իրավասությունը, որ ընթացակարգերը սահմանվեին, բայց ներկայացվեցին առաջարկություններ, որ կառավարությունը զերծ պահվի լրացուցիչ կարգեր սահմանելու իրավասությունից կամ պարտավորությունից, և միանգամից օրենքով սահմանվեն, հետագայում լրացուցիչ բարդություններ չլինեն կամ ժամանակ չպահանջվի, մինչև կառավարությունը համապատասխան կարգերը սահմանի:
Դրա համար մենք եկանք այն լուծմանը, որ օրենքի նախագծում հստակ սահմանվի դիմումի ներկայացման ընթացակարգը: Գիտեք, այնտեղ նշված է, որ անձամբ կամ փոստի միջոցով աշխատակիցն իր գործատուին կարող է ներկայացնել դիմում: Նաև դիմումին ներկայացվող վավերապայմանները սահմանվեցին օրենքով, թե ինչպիսի տվյալներ պետք է ներառվեն դիմումում: Եվ, ըստ էության, դիմումը կարող է ներկայացվել օրենքով սահմանված կարգով, լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում: Ե՛վ կարգը, և՛ դիմումում ներառվող տվյալների սպառիչ ցանկը հստակ նշված է օրենքում: Հետևաբար, որևէ խոչընդոտ կամ խնդիրներ չեն կարող լինել, իսկ դիմումին ներկայացվող լրացուցիչ պահանջներ չկան սահմանված կամ չեն սահմանվելու:
– Պարոն Ասատրյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ըմթացքում հայտարարեց, որ քննարկվում է կուտակայինի տոկոսներն իջեցնելու և մասնակցության տարիների ժամկետը կրճատելու հարցը: Կպարզաբանե՞ք, թե որքան կարող է իջեցվել տոկոսավճարը, որովհետև նախկինում էլ հայտարարվում էր, որ, եթե գումարները քիչ լինեն, վճարները 5%-ից ցածր սահմանվեն, ապա հիմնադրամներն արդյունավետ չեն կարողանա աշխատել:
– Այն, ինչի մասին ասում եք, այդ հարցերը քննարկումների ընթացքում են գտնվում: Այսինքն, լուծումները, որոնք արդեն մեր կողմից կառաջարկվեն և կդրվեն քննարկման, դեռևս վերջնական առարկայացած չեն: Բայց վարչապետի ասածը, ի վերջո, հետևյալին էր վերաբերում. քանի որ մեր աշխատող քաղաքացիների համար սահմանված մասնակցության չափը խնդրահարույց դարձավ այն առումով, որ սպառման կրճատման հետ կապված հարցեր էր առաջացնում, և, այդ առումով, ըստ էության, ինչ որ ներկայացրեցին մեր քաղաքացիները` իրենց դժգոհությունն արտահայտելով, հենց վերաբերում էր առաջին հերթին դրան, որ այսօր ստացվող եկամտից կատարվելիք վճարումների չափի առումով խնդրահարույց էր: Դրա մասին էր խոսքը գնում և, բնական է, որ այդ հարցերը քննարկվում են: Ուղղակի վերջնական լուծումներ այս պահին մենք չունենք, բայց առաջիկայում, շատ շուտով կունենանք և կներկայացնենք քննարկման:
– Քննարկումներին ովքե՞ր են մասնակցում:
– Քննարկումներին մասնակցում են բոլոր այն անձինք և ուժերը, ովքեր այս ընթացքում և՛ ցանկություն են հայտնել, և՛ առաջարկություններ ու մոտեցումներ են ներկայացրել: Այս աշխատանքային քննարկումները տեղի են ունենում, և այդ աշխատանքային քննարկումների ընթացքում բազմաթիվ հարցեր են շոշափվում, որոնք հենց այսօր, նաև հիմա քննարկումների ընթացքում են գտնվում:
– Այսինքն, կարո՞ղ ենք երաշխավորել, որ, ի վերջո, առաջարկվող փաթեթը քաղաքացիների գոնե 80%-ի համար ընդունելի կլինի:
– Ամեն դեպքում, դա մեր ցանկությունն է, որ մենք կարողանանք բոլոր հնարավոր խնդիրներին հնարավորինս սպառիչ լուծումներ առաջադրել և, բնական է, որ ընդունելի լինի մեր քաղաքացիների մեծամասնության համար:
Հավելենք, որ 2 շաբաթ առաջ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի հոդված 3-ը սահմանում է դիմումին ներկայացվող վավերապայմանները. «Գործատուն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում` նշելով.
1. Դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին,
2. Դիմումում պետք է լինեն նաև հետևյալ տվյալները`
ա) գործատուի անվանումը, դիմումատուի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
բ) դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն),
գ) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
դ) դիմումատուի ստորագրությունը:
Դիմումատուի կողմից դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում` գործատուի` դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում»:
Ի դեպ, Պաշտոնական տեղեկագիրը, որում ներառված է նաև այս օրենքը, հրապարակվելու է այսօր՝ մայիսի 29-ին: