
Արթուր Բաղդասարյան. Այսօր էլ մենք պարտավոր ենք բազմապատկել ձեռքբերումներն ու հաղթանակները

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ ժամանակահատված, սակայն այն անշրջելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ: Հայերիս համար Հանրապետության տոնը հատկապես կարևոր ու թանկ է, որովհետև խորհրդանշում է մեր հերոսական ժողովրդի հաղթանակը, ազատ և ինքնիշխան պետականություն կերտելու պայքարը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրեցին մեր ժողովրդի` դարերով կորսված անկախ ապրելու իրավունքը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը: Հավերժ փառք անկախության և ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին:
Այսօր էլ մենք պարտավոր ենք բազմապատկել ձեռքբերումներն ու հաղթանակները` հանուն սերունդների, հանուն վաղվա ազատ, զարգացած ու հզոր Հայաստանի:
Այս փառահեղ տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին: Մաղթում եմ բարօրություն, առաջընթաց, խաղաղություն և ամենայն բարիք»: