Լևոն Տեր-Պետրոսյան, դուք իրավունք չունեք մեր հայրերի որոշած անունը փոխել. Հայրիկյանն այսօր նշում է Անկախության տոնը (տեսանյութ). news.am
Մայիսի 28-ը հիմնադրողներն այն անվանել են Անկախության, ոչ թե Առաջին հանրապետության օր, և այսօր ոչ ոք իրավունք չունի փոփոխելու մեր նախնիների որոշածը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` նշելով, որ մայիսի 28-ը պետք է նշվի որպես անկախության, իսկ սեպտեմբերի 21-ը՝ ազգային ինքնորոշման: Գրում է news.am-ը:
«Արդեն 2 տասնամյակ է, մենք ասում ենք. մայիսի 28-ը հիմնողների կողմից կոչվել է Անկախության օր: Լեւոն Տեր-Պետրոսյան կամ Մոսկվայի այլ գաղտնի գործակալներ, դուք իրավունք չունեք մեր հայրերի որոշած անունը փոխել: Նրանք այս օրը կոչեցին 1-ին Հանրապետության օր, իսկ ազգային ինքնորոշման օրը` սեպտեմբերի 21-ը` Անկախության օր: Այսինքն՝ արեցին մի բան, որ իրականությունից բավական հեռու է` փորձելով իրենց վերագրել ազգի համար կարևոր մի գաղափար: Դրա հետևանքով խեղվեց ճշմարտությունը, որը նշանակում է` մենք հեռացանք Աստծուց, հեռացանք հաջողությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը, որը մի քանի տասնյակ ԱԻՄ-ականների հետ հավաքվել էր Հանրապետության հրապարակում: Նա նշեց, որ իրենք այսօր կարևոր են համարում անկախության գաղափարը շեշտելը, քանի որ մեր անկախությանը «վտանգ է սպառնում մաքսային միության տեսքով»:
Մանրամասներն՝ այստեղ