Որևէ իշխանություն չի համաձայնի վերահսկողական լծակներ տրամադրել ընդդիմությանը. Գագիկ Ջհանգիրյան. tert.am
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե չի հավատում, որ կգտնվի մի իշխանություն, որը կհամաձայնվի վերահսկողական լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Ըստ նրա՝ դա բարի ցանկություններից ժանրից է։
«Ես չեմ հավատում մի իշխանության, որը կգա ու վերահսկողական բոլոր լծակները կամ լծակների մեծ մասը կտա ընդդիմությանը, այդպիսի իշխանություն չեմ տեսել, կներեք ինձ, և դա բարի ցանկությունների ժանրից է։ Եթե ընդդիմությունն ասում է՝ լավ, դուք մեծամասնություն եք, բոլոր վերահսկողական բոլոր լծակները տվեք մեզ… իհարկե կան երկրներ, որտեղ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը կամ չգիտեմ մեկ այլ վերահսկողական մարմին օրենքով կամ Սահմանադրությամբ տրվում է ընդդիմությանը, բայց մեզ մոտ այդպիսի ավանդույթներ չի եղել»,- նշեց նա։
Ավելին՝ ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ իշխանությունը վերցնում է ոչ միայն այն, ինչ իրենց ընտրությամբ է հասնում, այլ նաև վերցնում է ավելին։
«Հիմա ուզում եք իշխանությունն ինքն իրեն վերահսկելու լծակները տա ընդդիմությանը, դա այդպես, շատ կներեք ինձ, չեմ ուզում այդ հարցի հեղինակներին նեղացրած լինեմ (նկատի ունի ՀՅԴ–ին և «Ժառանգությանը»), բայց դա շատ երևակայական պատկերացում է։ Մեծ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի այդպիսի առաջարկություններ անել»,-ասաց նա։
Հարցին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեմ չէ վերահսկողական լծակները տրամադրել ընդդիմությանը, բայց հավելեց, թե ընդդիմությունն այն վիճակում չէ, որ նրան լիազորություններ վստահվեն, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, թե դա ընդամենը պատճառ է հարցից խուսափելու համար։
«Ես կարծում եմ, որ ընդդիմությունը երբեք էլ այդ վիճակին չի լինի, որ նրան վստահեն, որովհետև եթե չեն վստահում՝ պատճառներ միշտ էլ գտնում են, իսկ իշխանությունն այն վիճակո՞ւմ է, որ իրեն վստահում են, հա՞։ Ես կարծում եմ այստեղ էլ շատ մեծ վերապահումներ կա»,-ասաց նա։
Մանրամասներն՝ այստեղ