Պետական մակարդակի հակասություններ. «Ժողովուրդ»
«ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ երեկ ուշագրավ փաստեր բացահայտվեցին: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը 2013թ. ընթացքում տվել է 90 ասուլիս ու 200-ից ավելի հարցազրույց: Այս թվերը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Ինչպես հայտնի է՝ տարին ունի 365 օր, ու եթե համադրենք այս թվերը, ստացվում է՝ Ս.Սարգսյանն առնվազն 4-5 օրը մեկ ասուլիս է տվել, 2 օրը մեկ էլ՝ հարցազրույց, այն էլ՝ առանց հանգստյան օրերի:
Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ է Սերժ Սարգսյանը տվել այդ ասուլիսներն ու հարցազրույցները, քանի որ, եթե անգամ հաշվենք նախընտրական բոլոր հանդիպումները, նախարարություններ կատարած այցերի ժամանակ գերատեսչությունների աշխատակազմի անդամների հարցերին պատասխանելը, որոնք մեծ վերապահումով անգամ, եթե որպես հարցազրույց կամ ասուլիս հաշվենք, այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի հրապարակած թվերին չենք մոտենում:
Ընդհակառակը, «Ժողովուրդ»-ը նախագահականի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց՝ Ս.Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում ընդամենը 6 ասուլիս է անցկացրել:
Փաստորեն, ստացվում է միմյանց հակասող երկու պաշտոնական տեղեկատվություն. մի կողմից` Վիգեն Սարգսյանի հայտարարությունները, մյուս կողմից` նախագահի պաշտոնական կայքի տվյալները: Այս իրավիճակում առաջանում է մեկ բնական հարց. ո՞ւմ տվյալներն են առավել ազնիվ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։