Բաժիններ՝

Վահան Արծրունին՝ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշանի մասին. «Տպավորված չեմ, ավելի ազդեցիկ բան պետք է լիներ»

«Հիշում եմ և պահանջում»՝ սա է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսը, իսկ խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկը: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանի՝ «Հատուկ ընդգծված անհատականացված կարգախոս է, որպեսզի այն արտասանելիս հիշենք մեր ընտանիքների պատմությունը, մեր վերապրած ողբերգության պատմությունը և այն պահանջը, որ տեսնում ենք այս համատեքստում, ներկայացնենք ամբողջ աշխարհին»: Վ. Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ պետական հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որն անցկացրել է մրցույթ: Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովը հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև:

168.am-ի հետ զրույցում խոսելով կարգախոսի և խորհրդանիշի մասին՝ երգահան, երգիչ Վահան Արծրունին ասաց. «Տպավորված չեմ, անկեղծ ասած: Ավելի ազդեցիկ բան պետք է լիներ: Բայց ինչ կարող են՝ նա էլ ծնում են»:

Երգահանը նշեց, որ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության հանգամանքը՝ մեր պատմական դժբախտությունն անտիկ կյանքում, վաղուց դարձել է քաղաքական զենք. «Այդ զենքն այսօր պետության ձեռքում է, կար ժամանակ, որ այդ զենքը մտավորականության ձեռքում էր, այսինքն՝ մարդիկ, ովքեր բարձրաձայնում էին այդ խնդիրը, որոշակի բարոյական դիրքորոշում էին բացահայտում: Այդ տեսակետից, բացի նրանից, որ այն իր մեջ որոշակի բարոյական կոմպոնենտ ունի, նաև լուրջ պետական քարոզչության, պետական քաղաքականության լծակ պետք է դառնա: Եվ այս պարագայում ես չգիտեմ, եթե նույն խումբն է, որը քվեարկում է Անաստաս Միկոյանի արձանի համար, այսպես ասած, եթե այդ նույն այսօրվա քաղաքացիական գործիչների կամ քաղաքական գործիչների տիպարն է որոշելու այդ քաղաքականությունը, ապա ես չգիտեմ՝ ինչպե՞ս է դա կառուցվելու, և, ընդհանրապես, կծառայի՞ արդյոք նպատակին, թե՞ ոչ, որովհետև Ցեղասպանության 100-ամյակն այն տարեթիվն է, որը եթե հիմա չօգտագործենք, որպեսզի ամբողջ աշխարհը ծնկի իջնի և խոնարհվի մեր ողբերգության առաջ (այսինքն՝ այս մեկ տարին է, որ մենք ունենք), մենք երբևիցե չենք կարողանա բարձրաձայնել այս խնդիրը և երբևիցե չենք կարողանա կարևորել այն մեր և աշխարհի համար»:

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս