Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյանի ելույթը հանրության համար որևէ դրական նշանակություն չունի»

«Ճիշտն ասած` Սերժ Սարգսյանի ելույթը, որպես այդպիսին, ինձ չի հետաքրքրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի մասնավորապես ՀՀ նախագահի` Հայաստանում երկբևեռ քաղաքական դաշտ կայացնելու վերաբերյալ հայտարարության մասին:

Ստեփան Դանիելյանի խոսքերով` իր համար անհասկանալի է` ինչ է նշանակում երկբևեռ կամ միաբևեռ քաղաքական դաշտ, քանի որ Հայաստանում չկա կայացած քաղաքական համակարգ` որպես այդպիսին: Ըստ նրա` դա ընդամենը մի «հակաժողովրդական համակարգ» է, որը պարզապես ձգտում է վերարտադրվել:
«Ինձ հետաքրքրում են այն քաղաքական գործիչների ելույթները, ովքեր իրենց խոսքի տերն են եղել, ում մտքերն ունեցել են հանրային բարօրության նշանակություն: Այդ առումով` Սերժ Սարգսյանի ելույթն ինձ չի հետաքրքրում: Սերժ Սարգսյանի ելույթը պետք է ունենա մեկ նպատակ` պահել իշխանությունը, բայց դա ինձ չի հետաքրքրում, որովհետև իշխանությունը պահում են որոշակի պետական ծրագրերով, քաղաքականությամբ, որը հասկանալի է հանրության համար, և հանրությունը գնում քվեարկում է, ներգրավվում այդ գործընթացներին: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթը հանրության համար որևէ դրական նշանակություն չունի: Որևէ լավ բան չանելով երկրի համար` պարզապես մտքեր են շպրտում` հանրային քննարկման իմիտացիա ստեղծելու համար: Ես ինքս չեմ ցանկանում մասնակցել այդ իմիտացիային»,- նշեց Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ունեցած իր ելույթում  մասնավորապես խոսել էր Հանրապետական կուսակցության, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների և հայաստանյան քաղաքական դաշտի վիճակի մասին: Այս համատեքստում նա կարծիք էր հայտնել, թե Հայաստանը դեռ անցնելու մեծ ճանապարհ ունի «թե՛ կուսակցությունների զարգացման, նրանց կայունության ու գործունեության թափանցիկության, թե՛ դասական երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման հարցերում»:

Տեսանյութեր

Լրահոս