Կառավարությունն առաջարկում է «փակել» պետական մարմինների անվտանգությունը «վտանգող» տեղեկատվությունը

ՀՀ 2013 թ-ի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,152.6 մլրդ դրամ ծախսերի կատարում: ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրը կազմել է շուրջ 1,258.2 մլրդ դրամ` ավելանալով 105.6 մլրդ դրամով (9.2%-ով):

Ինչպես այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, փաստացի ծախսերը կազմել են 1,142.9 մլրդ դրամ` ապահովելով պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ծրագրի 90.8% կատարողական:

«Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (41.1%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 98.6%, ինչպես նաև որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ և առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ»,- ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ 2013 թ-ին ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 26.8%` կանխատեսված 25.4%-ի և 2012 թվականի 25.2%-ի դիմաց, իսկ 2013 թ-ի պետական բյուջեի ծախսերի 88.8%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին և 11.2%-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին:

ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմերի ծախսերի ներկայացումից հետո, երբ Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ծախսերը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե անհայտ աբյուրներից մուլում երբեմն «սպրդում» է ինֆորմացիա, թե որ արարողակարգի ժամանակ ինչ ծախս է արվել, ինչը, ըստ նրա, կարող է վտանգավոր լինել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց «փակել» այն, ինչը վտանգում է պետական մարմինների անվտանգությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս