Տիգրան Սարգսյանն արտաքսվում է Հայաստանի քաղաքական կյանքից. «ՀԺ»

«Նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Տիգրան Սարգսյանը չի վերընտրվել ՀՀԿ գործադիր մարմնում, ինչը նշանակում է, որ նա արտաքսվում է Հայաստանի քաղաքական կյանքից»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Սարգսյանը, ըստ ամենայնի, կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ինչը ստեղծված հանգամանքներում նման է պատվավոր աքսորի: Նախօրեին՝ ՀՀԿ համագումարում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի վերջին պատիվներ է մատուցել նախկին վարչապետին, բայց նույնիսկ այս դերասանությունների տակից դուրս է պրծնում նրանց հարաբերությունների լարվածությունը:

Տիգրան Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, եւ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է.

«Ի՞նչ եք ուզում, Տիգրան Սուրենիչն իր գործն արել, գնացել է»:

Այսինքն` էս քաղաքական դիակով ինչո՞ւ եք հետաքրքրվում, ինքը արդեն հետաքրքիր չէ: Ասվածի մեջ ճշմարտություն, իհարկե, կա: Նախօրեին էլ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Հովիկ Աբրահամյանը կրկնել է իր հայտնի ֆրազը, թե նախորդների մասին ինքը երբեք ոչինչ չի ասում, բայց միեւնույն է՝ առանց անուններ տալու ակնարկել է, որ Տիգրան Սարգսյանը իր դեմ հոդվածներ է պատվիրել իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին եւ լրագրողներին:

Մանրամասները էական չեն, բայց բոլորն էլ գիտեն, որ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը երկար տարիներ լրատվական պատերազմի մեջ են, բայց հույս ունենալ, որ այդ պատերազմը շուտով կավարտվի՝ լուրջ չի լինի, չնայած այստեղ ռեսուրսներն անհավասար են. վարչապետի լծակներից զրկվելով` Տիգրան Սարգսյանն այս պատերազմում շանս չունի, մանավանդ որ՝ հանրության շրջանում ոչ մի բարի հուշ չի թողել իր վարչապետության մասին: Սարգսյանն իր անձի դեմ հակակրանք առաջացնելու մեծ տաղանդ ուներ՝ գոնե վարչապետության շրջանում, որովհետեւ ինքն իրեն համարում է մտքի տիտան:

Բայց ինչպե՞ս կարող է մտքի տիտանը, բոլոր լծակներն ունենալով, պարտվել ինտելեկտուալ համեստ կարողություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին: Հետեւությունն այստեղ բխում է ինքնին. առնվազն քաղաքական հարցերում Տիգրան Սարգսյանը չէր փայլում իր ընկալունակությամբ:

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ «ՀԺ»-ի:

Տեսանյութեր

Լրահոս