«Ռուսաստանը գործում է միայն իր շահերից ելնելով». ԼՂՀ վարչապետը՝ Ադրբեջանին զենք մատակարարելու եւ ԼՂՀ կոնֆլիկտի մասին. ԳԱԼԱ

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է սպառազինել ՀՀ թշնամի կամ հակառակորդ պետությանը՝ Ադրբեջանին, որը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով նաե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը: Սրա վառ ապացույցն է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում չեն դադարում խախտումները, անգամ դիվերսիոն հարձակումները: Վերջին դեպքը մայիսի 21-ի, լույս 22-ի գիշերվա դեպքն էր, որի հետեւանքով ադրբեջնական կողմը երեք վիրավոր էր տվել:

Հենց հաջորդ օրը լրատվամիջոցները հերթական տեղեկությունները տարածեցին, որ բարեկամ երկիր Ռուսաստանը Բաքվին 100 Т-90С տանկ է մատակարարել:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԼՂՀ-ի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, բազմիցս Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանագիրը և շարունակում է վայրագ անկարգություններ անել: Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել, թե՞ ագրեսիայի կամ վախի հերթական դրսեւորումներն է ցուցադրում:

-Խախտումներ լինում են և կլինեն, սակայն մեր զինված ուժերը հակահարված են տալիս, և կարծում եմ, որ այստեղ Ադրբեջանը շատ ավելի մտահոգված է յուրաքանչյուր կրակոցից հետո և ունենում են ավելի բացասական արդյունքներ, քան մեր կողմը: Գուցե դա ուսանելի լինի նրանց համար… Այնուամենայնիվ, ապագայում չեմ կարող ասել` ինչպիսին կլինեն զարգացումները:

-Այսինքն՝ Ադրբեջանը միշտ անկանխատեսելի՞ է և ամեն պահի կարող է մեզ անակնկալի՞ բերել:

-Այո, այդպես է, բայց հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին ու հակահարվածներին: Իրականում, ցավոք, այդ անկարգությունների հետևանքով զոհեր են լինում, սակայն քանի դեռ ներկա լարված վիճակը շարունակվում է և վերջնական պայմանավորվածություն չկա՝ նման երևույթներ դեռ կլինեն: Ամեն դեպքում, հայկական զինված ուժերը պետք է միշտ պատրաստված լինի և համապատասխան վերաբերմունք ցուցաբերի` պատասխանի, թեպետ մենք հարձակումների կարիք չունենք:

Ի՞նչ է ՌԴ-ն փորձում ապացուցել իր վերջին քայլերով՝ Ադրբեջանին զենք մատակարարելով, մյուս կողմից ՀՀ-ին համարելով գործընկեր: Իրականում ի՞նչ խաղ է սա:

-Ռուսաստանը գործում է միայն իր շահերից ելնելով: Հայաստանի հետ ունի տարբեր համաձայնություններ, Ադրբեջանին էլ զենք է վաճառում` ֆինանսական շահերից ելնելով: Այսինքն` երկու կողմերի հետ էլ իր շահերն է հետապնդում: Շատ պարզ է:
Մեզ մնում է միայն ավելի ուժեղ, վճռական և ամուր պահել սեփական դիրքերն ու ավելի վստահ լինել, որ դա մեզ անպայման կհաջողվի:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս