Ադրբեջանի տանկերի «գարաժը» քանակական իմաստով արդեն 3.5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանինը. «ՀԺ»
«Երեկ լրատվական գործակալությունները երկու ուշագրավ լուր տարածեցին»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Լուր 1 – Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին T-90C տիպի 100 տանկի մատակարարումը, եւ շուտով հնարավոր է նույն քանակությամբ տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը:
Լուր 2 – Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Մոսկվայում մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Օհանյանը եւ Շոյգուն ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 արձանագրությունը:
Հիմա համադրենք այս երկու լուրերը: Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության արդյունքում այդ երկիրը ստանում է 100 հատ ժամանակակից, արդիական, մարտունակ զենք: Հայաստանի հետ համագործակցության արդյունքում որոշվում է ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման կետերը եւ ընդամենը:
Հիմա ներկայացնենք մի քանի վիճակագրական տվյալներ: Հայաստանը 2013 թվականի դրությամբ ունի 102 հատ T-72 տիպի տանկ (ձախ նկարում): Այլ տանկեր մեր բանակում չկան: T-72 տանկը մշակվել է դեռ անցած դարի 70-ականներին, հետագայում փոքր-ինչ կատարելագործվել է: Ադրբեջանը ունի 244 հատ T-72, եւ եւս 100 հատ T-90C տեսակի տանկ ու դեռ 100 հատ էլ պատրաստվում է գնել (աջ նկարում):
T-90C տանկը մշակվել է անցած դարի 90-ականներին եւ դեռ կատարելագործվում է: Այսպիսով, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի տանկերի «գարաժը» քանակական իմաստով արդեն 3.5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանինը:
Որակական իմաստով տարբերությունը ավելի մեծ է, քանի որ Ադրբեջանի ունեցած տանկերի մոտ 25 տոկոսը ավելի արդիական են ու կատարելագործված: Թե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի ունեցած տանկերի քանակը քանի անգամ պետք է գերազանցի մեր ունեցած տանկերի թվին, որպեսզի դա արդեն համարվի ճակատագրական, հայտնի չէ:
Բայց այն, որ ոչինչ չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, արդեն ակնհայտ է: Նույնիսկ ժամանակակից զենքերի մատակարարումը մեր հակառակորդին»:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ «ՀԺ»-ի: